Նպատակը լինելու է մեկ միասնական գների հասնելը. Գարեգին Բաղրամյան
Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները պարբերաբար նվազելու են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով՝ օգոստոսի 1-ից «Բիլայն»-ի և «Յուքոմ»-ի գները հավասարեցվել են «ՄՏՍ»-ին, այսինքն՝ 45 դրամ ելքային և մուտքային զանգերը՝ համապատասխանաբար նվազեցվել են մինչև 38 և 25 դրամ: «Արդեն ունենք պայմանավորվածություն, որ 2020 թ-ի հունվարի 1-ից սակագների էական նվազեցում է լինելու, դա կլինի կիսամյակային պարբերականությամբ : Մասնավորապես, 2020 թ. հունվարի 1-ից շոշափելի նվազում կլինի, հետո կլինի հունիսի 1-ին նվազում, և 2021 թվականի հունվարի 1-ից»,- ընդգծեց ՀԾԿՀ-ի նախագահը:
Հարցին՝ եթե հնարավոր էր սակագները նվազեցնել, այսքան ժամանակ ինչի չի արվել, ինչո՞ւ են ՀՀ և Արցախի քաղաքացիներն ավելի գումար վճարել «Ղարաբաղ տելեկոմին», Գարեգին Բաղրամյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ «Ղարաբաղ տելեկոմ»-ն ունի իր առանձին պայմանագիրը` կնքված Արցախի կառավարության հետ և ինքն այդ պայմանագրի մանրամասներին ծանոթ չէ:
Նրա խոսքով՝ պետությունն իր մասնաբաժնով պարբերաբար բանակցել է, իսկ օպերատորը մինչ այս որոշակի կամք չի դրսևորել, որ նվազեցումներ լինեն:
Նա նշեց նաև, որ իրենց նպատակը լինելու է այն, որ հասնեն մեկ միասնական գների. «Միասնական նկատի ունեմ միևնույն մեծության գներ, այսինքն՝ օպերատորների միջև փոխկապակցման գները մնալու է, դա կա նաև մեր օպերատորների միջև, այսինքն՝ այն գները, որ կա մի օպերատորից մյուսը զանգելու դեպքում»։
Այսպիսով, հունվարի 1-ից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչև 29 դրամ, իսկ մինչև 2021 թ-ի հունվարի 1-ը կնվազի մինչև 27 դրամ։ Մուտքային զանգերը 25 դրամից կդառնան 15 դրամ, իսկ մինչև 2021թ-ը՝ 13 դրամ: Էական նվազեցում կլինի ինտերնետի հասանելիության գների մեջ՝ գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ, իսկ մինչև 2021 թ-ի հունվարի 1-ը՝ 15 դրամ, հաղորդագրությունների 40 դրամը կդառնա 15 դրամ, այնուհետև՝ 10 դրամ։
ՀԾԿՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ Արցախում ներդրումներ են իրականացվում և մինչև հոկտեմբեր-նոյեմբեր նախատեսվում է 3G ցանց ներդնել: «Այսինքն՝ զարգացման առումով ավելի հետ են ընկել»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ ու ԱՀ շարժական կապի օպերատորների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի, 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվի Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ