Ուրուգվայի ԱԳ նախարար․ Աշխարհում ոչ մի երկիր ռիսկ չի անի ճնշում գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ
«Ուրուգվայը մի երկիր է, որն անկախ է, ինքնիշխան, փոքր, ժողովրդավարական մեծ ավանդույթներով ու խաղաղության կողմնակից։ Մենք չենք զգում, որ կարող են անհարկի ճնշումներ լինել, քանի որ աշխարհում ոչ մի երկիր ռիսկ չի անի անհիմն կերպով ճնշում գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ, որն իր պատմության ողջ ընթացքում անհրաժեշտ քայլեր է կատարել ցույց տալու իր հանձնառությունը խաղաղության, փոխըմբռնման ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների օգտին»,- այսօր այս մասին ասաց պաշտոնական այցով ՀՀ-ում Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, որ Ադրբեջանը ճնումներ է գործադրում, փորձելով կանխել տարբեր երկրների ու Արցախի միջև հարաբերությունների որոշակի զարգացումը և արդյո՞ք Ուրուգվայը նույնպես զգում է այդպիսի ճնշումներ։
Ուրուգվայի ԱԳ նախարարն իր խոսքում նշեց, որ Ուրուգվայում ապրող 19-20 հազար հայերը Հայաստանն անվանում են Մայր Հայրենիք։
«Նրանք ինտեգրված են Ուրոգվայի հասարակության մեջ, ունենք զբոսաշրջության նախարար, որը հայերի ժառանգ է, համալսարանի ռեկտոր, մարզիկներ, ձեռնարկատերեր, որոնք իրենց մեծ ներդրումն են բերել ազգային զարգացմանը։ Դիվանագիտական հարաբերությունների այս 27 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները սերտացել են, որն ուղղված է ընկերության, փոխադարձ հարգանքի ու ընդհանուր տեսլականի ու հայացքների վրա։ Ուրուգվայն ու Հայաստանը նաև կիսում են հստակ դիրքորոշում խաղաղության ու միջազգային անվտանգության ուղղությամբ»,- ասաց Ռոդոլֆո Նին Նովոան։
Նախարարը խոսեց նաև հայերին հանրաճանաչ հարցին, այն, որ դեռևս 1965թ․-ին Ուրուգվայն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որն այնուհետ 2004թ․-ին էլ ավելի ամրապնդվեց օրենքով, ինչն իրենց մեծ հպարտություն է պատճառում։
«Ապրիլի 24-ը ճանաչվեց որպես Ցեղասպանության զոհերի հիշատակման օր»,-ասաց ԱԳ նախարարը։
Ուրուգվայի ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն բացատրել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։
«Մեր երկիրն աջակցում է այն բանակցություններին, որ տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի ձեռք բերվի բանակցված լուծում՝ հիմնված նաև ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթում ներառված սկզբունքների վրա։ Ինչպես ասում է իմ ընկեր նախարարը, այս կոնֆլիկտի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»,-ասաց նախարար Ռոդոլֆո Նին Նովոան։
Ուրուգվայի ԱԳ նախարարը նշեց, որ կան շատ ճանապարհներ ՀՀ հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, որոնց համար արդեն կան լավ նոմատիվ հիմք, րջանակային համաձայնագրեր համագործակցության համար։
Նախարարն Հայաստանին առաջարկեց իրենց փորձը՝ հանրային քաղաքականության, գյուղատնտեսության, կլիմայի փոփոխության, վերականգնվող էներգիայի ոլորտում և այլ հարցերում։ Ուրուգվայի ԱԳ նախարարը կարևորեց Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը,որը լինելու է ոչ թե պատվավոր հյուպատոսություն, այլ դիվանագետի կողմից ղեկավարվող կառույց։
«Հյուպատոսության բացումը վկայություն կլինի մեր միջև առկա կատարյալ հարաբերությունների մասին և ևս մեկ քայլ՝ մեր ընկերական կապերի հաստատման»,-ասաց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ