«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը ստանալու համար։ Սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանը, քաղաքապետարանից պատասխանել են, որ «Սանիթեքի» և քաղաքապետարանի միջև կան դատական որոշակի գործընթացներ, ուստի նպատակահարմար չեն համարում պատասխանել հարցմանը։
«Սա աբսուրդ է։ Մեր միջոցներով այնտեղ աշխատավարձ են ստանում ու որոշում են՝ նպատահարմա՞ր է պատասխանել, թե ոչ։ Իրենք պարտավոր էին հղում անել օրենքով սահմանված որևէ կետի, հետո միայն դրա հիման վրա պայմանագիրը մեզ չտրամադրեին»,-ասաց նա:
Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ սա անհետևանք չի մնա, և արդեն իսկ դատական հայց են պատրաստել և ներկայացրել են դատարան:
«Իրենք կամային, քմահաճույքից ելնելով, պատասխան են տվել՝ նպատակահարմար չենք համարում։ Կներեք, բայց դուք չեք որոշում, թե որ հարցին ոնց պատասխանեք։ Կա օրենք և դրան համապատասխան պարտավոր եք պատասխանել»,- ընդգծեց նա։
Բաբկեն Հարությունյանը ներկայացրեց, թե ինչի համար են պահանջել Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը ։ Ըստ նրա՝ աղբահանության համար քաղաքապետարանից տրվող գումարները տարեցտարի ավելանում են, մինչդեռ աղբը չի պակասում, քաղաքն աղբի մեջ կորած է։
«Դրա համար էլ պայմանագիրն ենք ուզում, որ մենք էլ իմանանք՝ ում ինչի համար են գումար տալիս»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր, որ աղբահանության հարցը կլուծի 6 ամսվա կամ մեկ տարվա ընթացքում, սակայն խոստումը չի կատարել։
«Երևանի պաշտպանության ճակատի» համակարգողը նաև ասաց, որ 21 հարցից բաղկացած նամակներ են հանձնել Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե Հայկ Մարությանն իր նախընտրական խոստումները որքանով է կատարել։
«Ամենատխուրն այն է, որ այս պատասխանները գրված են հին տարիների ոճով, օրինակ, խնդիրը քննարկում են, ուսումնասիրման փուլում է գտնվում, աշխատանքներ են իրականացվում և այլն։ Կարծես թե, մեկ շաբլոն են վերցրել, պատասխանի մուտքագրման համարը գրել ու ուղարկել։ Սա խոսում է այն մասին, որ որևէ ռեալ աշխատանք քաղաքապետարանի կողմից չի իրականացվել, փոխարենը տեսնում ենք՝ իրենք իրենց ինչ աստղաբաշխական «պրեմիաներ» են բաժանել»,- ընդգծեց Բաբկեն Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թափանցիկ, օբյեկտիվ բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը. «Սանիթեք»
- «Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
- Խաժակյան. Քաղաքապետարանի մերժումը ամռան նախաշեմին կանխեց «Սանիթեք»-ի ներդրումները
- Հայկ Մարության. «Սանիթեք»-ի ասուլիսում հնչեցին զավեշտի հասնող պնդումներ
- «Սանիթեք»-ի սեփականատեր. Պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում
- «Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք» ընկերությունների դեմ քրեական գործ է հարուցվել. ՊԵԿ
- «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ