«ProfEye Challenge». Նախագիծ՝ ուղղված Երևանի դիմագիծը հանդիսացող շենքերի վերականգնմանն ու արդիականացմանը
Մեկնարկում է Երևանի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված «ProfEye Challenge» նախագիծը։
«ProfEye Challenge»-ը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց ամենահամարձակ մտահաղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։ «ProfEye Challenge» նախագծի շրջանակում որպես առաջին «մարտահրավեր», մրցույթի մասնակիցների կողմից կմշակվեն և կառաջարկվեն Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծեր:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կոմիտեն մեծ տեղ է տալիս քաղաքի դիմագծի պահպանման գործում մասնավորի մասնակցությանը: ՀՀ կառավարությունն էլ, ըստ նրա, ստեղծել է բոլոր հնարավորությունները երկրում մասնավոր սեկտորի և ներդրումների առավելագույն ներգրավման համար։
Անդրադառնալով «ProfEye Challenge» նախագծին՝ Կոմիտեի նախագահն ասաց, որ սա համարում է հրաշալի նախաձեռնություն և հնարավորություն երիտասարդ և արդեն հայտնի ճարտարապետների համար, որպեսզի նրանք կարողանան ցույց տալ իրենց պոտենցիալը։
«Ընտրվել է կոլորիտային շենք Երևանի կենտրոնում։ Դա Մամուլի շենքն է, որն ունի հետաքրքիր պատմություն և խորհուրդ։ Ցավոք, այսօր բոլորիս հայտնի շենքն այդքան էլ լավ վիճակում չէ, սակայն համոզված եմ, որ որոշ ժամանակ Մամուլի շենքը կլինի ավելի արդիական և գրավիչ»,- ասաց Վահագն Վերմիշյանը։
Ծրագրի հեղինակ «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանն էլ նշեց, որ նախագծի նպատակն է՝ ճարտարապետներին հնարավորություն տալ ներկայացնել նոր և համարձակ նախագծեր քաղաքի դիմագիծը հանդիսացող այն շենքերի ու կառույցների համար, որոնք այսօր ռեստավրացիայի կարիք ունեն։
«Մեր նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային այն շենքերին, որոնք վերակառուցման կարիք ունեն, գտնել ներդրողներ, հրավիրել նաև նրանց ուշադրությունն այս շենքերի վրա»,- նշեց Էդգար Ավետիսյանը։
Կազմակերպիչները հայտնեցին, որ «ProfEye Challenge»-ին մասնակցող ճարտարապետները կարող են իրենց նախագծերը ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը: Անաչառ մրցակցություն ապահովելու համար աշխատանքների տակ չեն նշվի ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների անունները։ Հաղթող նախագծեր կճանաչվեն քվեարկության արդյունքում 3 ամենաշատ հավանությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից հավանության արժանացած նախագծերը:
Նախագծերը կցուցադրվեն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: