Պետության կողմից դրված հիպոթեքային մեխանիզմը հասանելի չէ մարզերում. Մարուքյան
Մարզերում բնակարանաշինությանը զարկ տալու համար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է մինչ օրս գործող հիպոթեքային մեխանիզմից օգտվեն նաև մարզերում, ինչպես նաև երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում։ Այս մասին ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ այդ մեխանիզմի, երբ քաղաքացին կառուցապատողից բնակարան է գնում, նրա վճարած եկամտահարկից տոկոսներ է փոխհատուցում ստանում։
«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին։ Սակայն այն խտրականությունը վերացնող նախագիծ է, քանի որ մարզերում ապրող ոչնչով մեղավոր չեն որ ապրում են մարզերում և այնտեղ չկա բնակարանաշինություն։ Պետության կողմից դրված մեխանիզմը ըստ էության նրանց հասանելի չէ, առաջարկում ենք այս խտրականությունը վերացվի»,- ասաց Մարուքյանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջին հայացքից շատ լավն է և բարի նպատակներ ունի, բայց դրա տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր։
«Այս նախագծի նպատակն իրականում եղել է կառուցապատումը խթանելը, կառուցապատումն էլ իր հերթին հարկեր էր գեներացնելու, որոնց շնորհիվ հնարավոր էր լինելու բյուջեի ծախսը փոխատուցել։ Հիմա պարոն Մարուքյանն ասում է, որ սա խտրականություն է, իրականում եթե մենք առաջարկն ընդունենք, կստացվի որ դա է խտրականություն, քանի որ Երևանում ապրողներ էլ կան, որոնք ունեն բնակարանի խնդիր»,- ասաց Թունյանը։
Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե երկրորդային շուկայում էժան բնակարաններ ապահովելը, այլ այն, որ մարզերում մարդիկ ցանկանան բնակարան կառուցել և բնակարան գնել։
Թունյանը հավելեց, որ այս նախագիծը լիագումար նիստերի օրակարգ մտցնելն իմաստ չունի։
Այսպիսով՝ 74 դեմ ձայնով նախագիծը չանցավ լիագումար նիստերի օրակարգ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին