«Ազգային օրակարգ». Արցախցիները հավաստեցին, որ ձևավորել են ժողովրդավարության ու ազատության ճանապարհով զարգացող քաղաքական համակարգ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել նախօրեին Արցախում կայացած տեղական ինքնկառավարման ընտրությունների վերաբերյալ։
«2019 թվականի սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արցախի 228 համայնքում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։ Այս առաջադրումներն Արցախի քաղաքացիների՝ երկրի զարգացման գործում ներդրում ունենալու բարձր պատրաստակամության ցուցիչ են:
Ցանկացած մակարդակի ընտրություն օրինական և հաշվետու քաղաքական իշխանության ձևավորման մեխանիզմ է, քաղաքացիների տրամադրություններն ու նախասիրությունները որոշելու արդյունավետ գործիք և զարգացման նախապայման:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը ողջունում է Արցախում արդեն վեցերորդ անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ազատ ընտրությունների անցկացումը: Սրանով Արցախցիները ևս մեկ անգամ հավաստեցին, որ ձևավորել են ժողովրդավարության ու ազատության ճանապարհով զարգացող քաղաքական համակարգ և ունակ են անցկացնելու ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթաց:
Շնորհավորում ենք արցախցիներին և ընտրված բոլոր թեկնածուներին, մաղթում ստեղծագործ աշխատանք՝ ի բարօրություն Հայ ազգի:
Վստահ ենք, որ նույն վճռականությամբ և պատասխանավությամբ կանցնեն նաև հաջորդ տարի նախատեսված Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյան. Արցախում ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ մթնոլորտում
- Արցախի ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացվել
- Արցախի քաղաքներում հիմնականում հաղթանակ են տարել «Ազատ Հայրենիք»-ի անդամները
- Արցախ. Պաշտպանի դիտարկմամբ, ընտրությունների ընթացքում էական խնդիրներ չեն արձանագրվել
- Արցախում լռության օր է