Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելուն, ի վերջո, կառավարությունը գումար հատկացրեց
ՀՀ կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 9,4 միլիոն դրամ՝ հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով։
Գործադիրի նիստում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ պայմանագրային զինծառայողը վիրավորվել է 2016-ի ապրիլի 5-ին, Թալիշում: Նա ստացել է ականապայթյունային ողնաշար-ողնուղեղային վիրավորում:
«Առկա է Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ այս վնասվածքի բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում»,- նշեց Դավիթ Տոնոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցը քննարկել են բավականին երկար ու մանրամասն:
«Եկել ենք այնպիսի եզրահանգման, որ բոլոր այն դեպքերում, երբ պատշաճ բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում, մենք նման լուծումների չենք գնա՝ ուղղակի ֆորմալ արտասահման ուղարկելու տրամաբանությամբ, իսկ այն դեպքերում, երբ կա հստակ մասնագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն, իհարկե, այդ դեպքերը առանձին-առանձին կքննարկենք և կկայացնենք որոշում»,- նշեց վարչապետը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ բուժումն արտասահմանում շարունակելու՝ ապրիլյան պատերազմի մասնակցի դիմումը կառավարությունը մերժել էր։ Լրատվամիջոցներով այդ մասին բարձրաձայնելուց հետո Հայկի հետ կապ են հաստատել վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոստանալով, որ ինչ-որ ձևով կփորձեն նրան աջակցել։ Դրանից հետո նրա մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտությունը կառավարությունն ուղարկել է գերմանական մի կլինիկա։ Այժմ Հայկը հետազոտման համար գտնվում է այդ կլինիկայում։
Բացի այդ, նրա բուժումն արտերկրում շարունակելու համար դրամահավաք է անցկացվում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Սեխլիյանն ասել էր, որ դրամահավաքի միջոցով հավաքվել է 15 500 եվրո, սակայն բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է 35 000 եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանը հետազոտության համար մեկնում է Գերմանիա
- Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի
- «Օգնենք Հայկին ոտքի կանգնել»
- Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Հայկն օգնության կարիք ունի
- «168 ժամ». Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին