ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին
Սեպտեմբերի 20-ից 22-ն արդեն 9-րդ տարին անընդմեջ Երևանում անցկացվեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնը։ Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում անցկացվեց նաև «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդեսը, որին մասնակցում էին տեղական, միջազգային արտադրական ընկերություններ ու ներմուծողներ, ինչպես նաև Հայաստանում դիվանագիտական առաքելությունները, այդ թվում նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը:
ԱՄԷ դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին Panorama.am-ին ասաց, որ դեսպանությունը մասնակցում է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին՝ ԱՄԷ-ում նշվող հանդուրժողականության տարվա շրջանակներում և դեսպանության նախաձեռնությունների շարքում։
«Մեր մասնակցությունն այս փառատոնին նպատակ ունի ներկայացնել էմիրաթական կազմակերպություններին, որոնք ներդրումներ են կատարել Հայաստանում և կապ ստեղծել տեղական կազմակերպությունների ու էմիրաթական կազմակերպությունների միջև, ինչպես նաև, որ ամենագլխավոր նպատակն է՝ ներկայացնել «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը, թե ինչ է այն, որպեսզի հայ հասարակությունը ծանոթանա և շատ կազմակերպություններ մասնակցեն ԷՔՍՊՈ-ին։ Այս փառատոնը շատ կարևոր նշանակություն ունի և նկատում ենք, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում և, կարծում ենք, որ նմանատիպ ցուցահանդեսներն ու փառատոները կնպաստեն հատկապես տեղական կազմակերպությունների զարգացմանը՝ միջազգային այլ կազմակերպությունների հետ կապ հաստատելով»,-ասաց ԱՄԷ հյուպատոս Ահլամ Ալ Սալամին։
Նշենք, որ «Երկրները մեկ հարկի տակ» նախագիծն անցկացվում է միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից: Բիզնես փառատոնի նպատակն է խթանել օտարերկրյա գործարարների հետ նոր կապերի ստեղծումը, արտահանումն ու ներդրումը, ինչպես նաև հնարավոր հարթակ ստեղծել Հայաստանում գործող դիվանագիտական և տեղական կառույցների՝ մեկ հարկի տակ հանդես գալու համար։
Անդրադառնալով «Դուբայ Էսպո 2020»-ին, նշենք, որ այն միջազգային հսկայածավալ իրադարձություն է, որը կամրապնդի Դուբայի դիրքը՝ որպես համաշխարհային կենտրոն՝ ներգրավելով տնտեսական հնարավորությունները։ Այն անցկացվելու է «միավորենք մտքերը և կառուցենք ապագա» կարգախոսի ներքո։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և կտևի շուրջ 6 ամիս։ Հայաստանը ևս հաստատել է իր մասնակցությունը Դուբայ Էսպո 2020»-ին։
Դուբայը Մերձավոր Արևելքում առաջին քաղաքն է, որը հյուրընկալելու է նման ցուցահանդես: Ակնկալվում է, որ վեց ամսվա ընթացքում քաղաքը կունենա մոտ 25 միլիոն այցելու։ Ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում` 190 երկրներ, հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը, որտեղ միջազգային հանրությունը կհանդիպի Դուբայի մեկ հովանու ներքո` հանուն նորարարության և մարդկային առաջընթացի։ Նախապատրաստական աշխատանքները ընթանում են բնականոն հունով, հատուկ էքսպոյի համար կառուցվում են նաև մետրոյի նոր կայարաններ դեպի էքսպոյի հրապարակ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին