Չինաստանի դեսպանությունը ՉԺՀ 70-ամյակի առիթով անցկացնում է «Ճանաչիր Չինաստանը» առցանց մրցույթ-վիկտորինա
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ճանաչիր Չինաստանը» խորագրով մրցույթ-վիկտորինայի անցկացման մասին։ Վիկտորինան անցկացվում է ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ։
Դեսպանը նշեց, որ սա հնարավորություն է ինտերնետի միջոցով մասնակցել մրցույթին ու ծանոթանալ Չինաստանին, հատկապես երիտասարդության համար։
Վիկտորինային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում ու պատասխանել Չինաստանի վերաբերյալ 30 հարցի։ Մրցույթում հաղթում է հարցերին ամենաարագ ու ճիշտ պատասխանած մասնակիցը։ Առաջին տեղը զբաղեցնող անձը կստանա մրցանակ՝ այց Չինաստան։
«Հոկտեմբերի 1-ին մեր երկիրը կտոնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակը։ Այս 70 տարիների ընթացքում Չինաստանը չզարգացած, փակ պետությունից դառնում է բաց, զարգացող ու պրոգրեսիվ պետության։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ այս 70 տարիների ընթացքում չինացի ժողովուրդը մեծ թռիչք կատարեց։ Սկզբում մենք հիմնականում ազատվեցինք աղքատությունից, և հիմա երկիրը դառնում է ծաղկող ու հզոր պետություն։ Չինաստանն այսօր, ինչպես հայտնի է, աշխարհում 2-րդ տնտեսությունն է»,-ասաց ՀՀ-ում Չինաստանի դեսպանը։
Դեսպանը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, ասաց, որ Հայաստանի համար այն ևս երկրորդ խոշոր գործընկերն է՝ որպես պետություն, սակայն տենդենցը շատ լավ է ու ամեն տարի Հայաստանի հետ առևտուրն աճում է։
Հայաստանն ու Չինաստանը, դեսպանի խոսքերով, միմյանց դիտարկում են որպես բարեկամական գործընկերներ և այդ կապերը գնում են դեպի վաղ անցյալ՝ դեռևս Մետաքսի ճանապարհ։
Այժմ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ակտիվ աշխատանքներ են կատարվում ներդրումային, տնտեսական, հումանիտար համագործակցության ուղղությամբ։
Դեսպանի խոսքերով աճ է գրանցվել նաև մարդկանց այցելությունների առումով և եթե վերջին 4 տարիներին Հայաստան էին այցելում մոտ 2000 չինացիներ, ապա այս տարի այցելել են արդեն 10 հազարից ավել չինացիներ։ Դինամիկան նաև աճում է հայերի՝ չինաստան այցերի ուղղությամբ։
Դեսպանը կարևորեց այս տարվա մայիսին երկու երկրների միջև առանց վիզային ռեժիմի պայմանագրի կնքումը, որի վավերացումը Հայաստանի կողմից (Չինաստանն արդեն ավարտել է վավերացման գործընթացը) ևս խթան կլինի հումանիտար կապերի համար։
70-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունն անցկացնում է նաև մի շարք այլ միջոցառումներ։
Նշենք, որ մրցույթ-վիկտորինան կազմակերպում են ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին