Փարիզում կխոնարհվեն դրոշները ի հիշատակ Ժակ Շիրակի
Ժակ Շիրակը փարիզցիների հիշողության մեջ կմնա որպես քաղաքապետ, որը ջերմորեն սիրում էր իր քաղաքն ու նրա բնակիչներին, նրա հիշատակին կխոնարհվեն դրոշները, կբացվեն ցավակցությունների գրքեր: Այդ մասին ասել է Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ժակ Շիրակը մահացել է սեպետմբերի 26-ին կյանքի 87-րդ տարում։ Նա Ֆրանսիայի նախագահն էր 12 տարի անընդմեջ՝ 1995-ից մինչև 2007 թվականը, իսկ մինչ այդ՝ 18 տարի (1977-ից մինչև 1995 թվականը) եղել Է Փարիզի քաղաքապետը։
«Այսօր Փարիզը սգի մեջ է։ Ես խորապես վշտացած էի՝ իմանալով այն մասին, որ մեզնից հեռացել է Ժակ Շիրակը: Ականավոր պետական գործիչը, մեծ հումանիստը կերտել է մեր երկրի պատմությունը»,- Twitter-ի իր էջում գրել է Իդալգոն:
Նա նաև հավելել է, որ ի հիշատակ Շիրակի մունիցիպալ օբյեկտների վրա կխոնարհվեն դրոշները: