Գիորգի Թումասյան. Վրաց հասարակությունը ջավախահայությանը լավ չի ճանաչում
Վրաստանում հայերը մեծամասամբ ապրում են Ջավախքում և Թբիլիսիում: Նրանց ինտեգրման մակարդակը վրաց հասարակություն տարբեր է, տարբեր են նաև դրա հետ կապված խնդիրները: Ինչ են մտածում նրանք միմյանց մասին, ինչպիսին են խնդիրները և ինչն է մղում հակահայկական մտածելակերպին Վրաստանում:
Հայերն արդեն դարեր է ինչ բնակվում են Վրաստանում, հիմնականում՝ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում և մայրաքաղաք Թբիլիսիում։ Jnews-ի հաղորդմամբ, նրանք կազմում են Վրաստանի բնակչության մոտավորապես 5․7%-ը (մոտ 250 000 բնակիչ), բայց չնայած այս ամենին, Վրաստան պետության տարածքում գտնվող էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ հայ ազգի մեծամասնությունը լիովին ինտեգրված չէ։
Դավիթ Ջանամյանը, ով թբիլիսահայ է ջավախքյան արմատներով, իրեն լիովին ինտեգրված է համարում Վրաստանում, պարզաբանելով։
«Եթե հայը կարողանում է խոսել վարժ վրացերեն, ունի վրացի ընկերներ և ծանոթ է Վրաստանի իրավիճակին, ապա նա, կարելի է ասել, իրեն կզգա նորմալ, բայց նա չի կարող ապահովագրված լինել ռասիստական կատակներից, պետությանը, քաղաքացիությանը, քաղաքականությանը վերաբերող անտակտ հարցերից։ Սա փաստ է և այս փաստին տարբեր մարդիկ վերաբերվում են տարբեր կերպ», – ասել է է Վրաստանի ազգային համալսարանի ուսանողը։
նա նշել է, որ ինքն իրեն համարում է վիրայության այն մասնիկը, ով հարգում և սիրում է վրաց մշակույթն ու Վրաստանը, բայց չի մոռանում իր ակունքները։
Վրաստանի Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գիորգի Գոբրոնիձեն նշել է. «Կարելի է ասել, որ հայերը Թբիլիսիի անբաժան մասն են, որովհետև այս մարդիկ պատմականորեն ներկայացնում են քաղաքի կոլորիտը և հասարակության մի մասն են։ Վրաստանը նրանց համար կարևորագույն նշանակություն է ստացել, դարձել է նրանց երկրորդ տունը»:
Վրաստանում ապրող հայերը ապահովագրված չեն հակահայկական հղումներից։ Պարբերաբար վրացական մեդիայում հանդիպում են հակահայկական բնույթի թեմաներ, ինչն էլ անհանգստություն է առաջացնում վիրահայերի շրջանում։ Որոշ լրատվամիջոցներ «առիթը բաց չեն թողնում» կրկին անգամ մատնանշելու հայերի էթնիկ փոքրամասնություն լինելու փաստը և տարածում են հայերին վերաբերող բացասական մեկնաբանություններով լի թեմաներ։
Վրաստանում հայատյացության մասին խոսել է «Արձագանք» պլատֆորմի ղեկավար Գիորգի Թումասյանը։ Վերջինս ընդգծել է, որ վրաց հասարակության տարբեր մասերում այսօր կա հայի մասին տեղեկության անբավարարություն։
«Ցավոք կան երրորդ ուժեր, որ տարբեր միջոցներ օգտագործելով փորձում են հայ և վրաց ժողովրդների միջև ատելություն սերմանել։ Դրանց ցուցակում է նաև մեդիան, սոցիալական մեդիան, որը տարբեր կեղծ լուրերի օգնությամբ տարածում է հակահայկական մտածելակերպ և փորձում վրաց ժողովրդին դարձնել հայատյաց, ինչն էլ բախում է առաջացնում հայ և վրաց ժողովրդների միջև»,- ասել է Գիորգի Թումասյանը։
Նրա խոսքերով, վրաց հասարակությունը ջավախահայությանը լավ չի ճանաչում, և սա է պատճառը, որ ընկալումը ջավախահայության մասին՝ բացասական է։ Ըստ նրա, այս ամենը գալիս է հենց վրաց լեզվի իմացության պակասից, որի հետևանքով էլ ջավախահայությունը շատ հազվադեպ է մասնակցություն ցուցաբերում երկրի պետական գործերին։
«Կարևորագույն առաքելությունն այսօր կարծում եմ այն է, որ ջավախահայությունը լեզվին տիրապետելով և ունենալով ներկայացուցիչներ, ովքեր կտիրապետեն պետական լեզվին, ճանաչել տա Վրաստանին իր ինքնությունը», – նշել է Թումասյանը։
Գիորգի Գոբրոնիձեն, ով Վրաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է միջազգային հարաբերություններ բաժնում, նշել է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում համեմատաբար ավելի լուրջ է լեզվի խնդիրը և այնտեղ, որտեղ դժվար է շփումը, մարդիկ օտարանում են միմյանցից և շատ հաճախ հիմնվելով որոշակի փաստերի վրա ստեղծվում են հակահայկական ալիքներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ