Գիշերօթիկներից վերադարձող երեխաների ընտանիքներին նյութական աջակցություն կտրամադրվի․ Բաթոյան
«Գիշերօթիկներից ընտանիք վերադարձող երեխաների համար գործընկեր կազմակերպությունների հետ ծրագրեր են մշակվել, և այն խնդիրները, որոնք խոչընդոտում են նրանց ընտանիք վերադառնալու իրավունքին, պետք է վերացվեն»,- խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե կառավարությունը ի՞նչ է նախատեսում անել այն երեխաների հետ, որոնք գիշերօթիկ հաստատությունների փակման հետևանքով պետք է տուն վերադառնան։
Բաթոյանի խոսքով՝ սա առաջին հեթին պետք է դիտել որպես հնարավորություն այդ ընտանիքների կենսամակարդակը բարելավելու ուղղությամբ, քանի որ իրենք նախատեսում են ընտանիքներին նյութական աջակցություն տրամադրել և բարելավել նրանց կենցաղային պայմանները։
«Ընտանիք կվերադառնան այն երեխաները, որոնց վերադարձը հնարավոր է, այսինքն ռիսկային չեն համարվում»,- նշեց նա։
Աբովյանի հարցին, թե ի՞նչ է լինելու այն անձնակազմի հետ, որն աշխատում է այդ հաստատություններում, նախարարը պատասխանեց, որ աշխատանքային խումբ է ձևավորվել, որպեսզի կարողանան նրանց աշխատանքով ապահովել։
Նա հավելեց, որ Գյումրիում, Կապանում ու Երևանում ճգնաժամային կենտրոններ կստեղծվեն այն երեխաների համար, որոնց վերադարձն այս պահին հնարավոր չէ իրականացնել։