Կիևը համաձայնել է «Շտայնմայերի բանաձևին»
Դոնբասի կոնտակտային խումբը համաձայնել է «Շտայնմայերի բանաձևին»: Համապատասխան փաստաթուղթը երեքշաբթի Մինսկում կայացած հանդիպմանը, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի հետ միասին, ստորագրվել է նաև Ուկրաինայի կողմից:
Դրա համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո պետք է ուժի մեջ մտնի օրենք՝ Դոնեցկի ու Լուգանսկի կողմից վերահսկվող տարածքներին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին:
Կոնտակտային խմբում Լուգանսկի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն նշել է, որ սա մեկնարկային կետն է, որից սկսում են քաղաքական կարգավորման համար պայմանների ստեղծման գործընթացը: Սա առաջին հերթին փոփոխություններ է նախատեսում Ուկրաինայի սահմանադրության մեջ։
«Զենքի տակ արված ընտրություն չի լինի»,-ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հավելելով, որ քվեարկությունը պետք է անցկացվի ուկրաինական օրենսդրության և ԵԱՀԿ չափանիշներին համապատասխան:
Զելենսկին նշել է, որ վերացվել են «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի անցկացման հիմնական խոչընդոտները և ժամկետների մասին կհայտարարվեն մոտ ապագայում:
«Մեկ այլ շատ կարևոր կետ վերաբերում է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքին, որն արդեն գոյություն ունի և ուժի մեջ է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Կընդունվի նոր օրենք, որը խորհրդարանը կմշակի հասարակության անդամների հետ սերտ համագործակցությամբ։ Այս օրենքում ոչ մի կարմիր գիծ չի հատվում»,-ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ընդդիմադիրները «Շտայնմայերի բանաձևն» անվանում են քայլ դեպի կապիտուլյացիա։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան