Տիկին Ղազարյան, եկել նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, գնացել ենք. Զոհրաբյանը՝ պատգամավորին
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:
Հիմնական զեկուցողն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով նախ ընթերցեց մի քանի պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը և նշեց, որ այն այլ պատգամավորների կողմից միանալու համար բաց է:
«Վերահաստատելով մեր հավատարմությունը ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված քաղաքացիական համերաշխության նպատակին, վերահաստատելով մեր հավատարմությունը կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական երաշխիքներին, ինչպես նաև խտրականության սահմանադրական արգելքին՝ խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների, խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը այն բոլոր դեպքերում, երբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ որոշակի ակցիաների շրջանակներում հնչում են կարգախոսներ, որոնք համակրելի են հանրության այս կամ այն շրջանակների կողմից, սակայն այդ ակցիաների ժամանակ օգտագործվում են մեթոդներ, որոնք դատապարտելի են:
Նիստի ընթացքում Մարիա Կարապետյանը անդրադարձավ նաև Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի աշխատանքին՝ նշելով որ հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու կարիք կա. «Հանձնաժողովի աշխատանքը գուցե փորձենք ակտիվացնել աշխատանքային խմբեր ստեղծելով, օրենսդրական նախաձեռնությունների վրա համատեղ աշխատելով»։
Հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ Կարապետյանի դիտարկումներին միացավ նաև նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ինչը դուր չեկավ Նաիրա Զոհրաբյանին։
«Նախ ես կարծում եմ, որ հանձնաժողովը բավականին ակտիվ աշխատում է։ Ես կողմ եմ, որ հանձնաժողովն ավելի ակտիվ աշխատի, և կողմ եմ, որ ձեզ այս մեկ տարվա ընթացքում լսեի, ներկայացնեիք մի որևէ օրակարգ, թե եկեք այս օրակարգի շուրջ քննարկում կազմակերպենք։ Որևէ անգամ ոչ Ձեզնից, տիկին Կարապետյան, ոչ տիկին Ղազարյան չենք ստացել: Ձեզ խնդրել եմ, տիկին Ղազարյան, եկեք կազմակերպենք քննարկում բռնության ենթարկված կանանց վերաբերյալ, Դուք որևէ թուղթ չեք բերել: Դուք գիտե՞ք, թե ես երեկ քանի հոգեբուժարան եմ գնացել, եթե ես ամեն օր դա ֆեյսբուքում չեմ ճպացնում, դա չի նշանակում, որ չենք անում։ Ես համբերատար եմ, բայց երբ անցնում են արդարության սահմանը, ես թույլ չեմ տա դա: Որևէ անգամ օրակարգ Դուք չեք ներկայացրել, տիկին Ղազարյան, եկել նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկել, գնացել ենք»,- արձագանքեց Զոհրաբյանը: