Փաշինյանը Ուզբեկստանի նախագահի հետ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր է քննարկել
Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
Վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձևաչափով առաջին հանդիպումն է՝ մեր երկրի անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորմանն և դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։
Շավքաթ Միրզիյոևն ընդգծել է՝ Ուզբեկստանը ևս կարևորում է Հայաստանի երկրի հետ կապերի զարգացումը, և նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու, երկկողմ հարաբերություններում առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ և որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը։
Համաձայնելով Շավքաթ Միրզիյոևի առաջարկության հետ՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովն առաջիկայում կձևավորվի և արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։ Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Ուզբեկստանում հայ համայնքի նկատմամբ Ուզբեկստանի կառավարության հոգատար վերաբերմունքի, տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի և բարեկամական վերաբերմունքի համար։
Վերահաստատելով քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հայ-ուզբեկական գործընկերության զարգացման երկկողմ պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են այդ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունները։ Տնտեսական կապերի ակտիվացման առումով հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը թեթև արդյունաբերության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում հանդիպել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
- Վարչապետն աշխատանքային այց կկատարի Թուրքմենստան