Ես գիտեմ՝ այդպիսի բան չկա. Դավիթ Անանյանը՝ իր տեղակալի խաղադրույքներ կատարելու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահ է, որ իր տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը խաղամոլ չէ։
«Ռաֆիկ Մաշադյանին ես ճանաչում եմ 1988թ-ի սեպտեմբերի 1-ից, 30 տարվա ընկերներ ենք։ Եվ պատկերացրեք, որ խաղադրույք կատարել-չկատարելու թեմայով մենք նույնիսկ չենք էլ զրուցել, քանի որ ես գիտեմ՝ այդպիսի բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռաֆիկ Մաշադյանը խաղադրույքներ կատարելու մեծ սեր ունի։
Նա միաժամանակ նշեց, որ ցանկացած անձ, ցանկացած տեղ խաղադրույք կատարելու իրավունք ունի, եթե, իհարկե, այդ խաղադրույք կատարելը չի դառնում հիվանդություն, քանի դեռ տվյալ անձի պաշտոնեական ծառայությունները կատարելուն չի վտանգում, ուստի ոչ մի անձի չեն կարող արգելել խաղադրույքներ կատարել:
«Դուք գիտե՞ք այդպիսի օրենք, որով, օրինակ, պետական ծառայողին արգելվում է խաղադրույք կատարել: Ես այդպիսի օրենք չգիտեմ, եթե գիտեք, ինձ ասեք, ես կարգելեմ հարկային և մաքսային ծառայողներին այդպիսի բաներից: Բայց եթե կա անձ, որը խաղադրույք է կատարում և դրա ընթացքում պարբերաբար պարտվում է, և զանազան տեղերից փող հայթայթելու ժամանակ նաև կարող է վտանգվել իր ծառայողական պարտականությունների կատարումը, մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չունենք գնալու»,- ասաց Դավիթ Անանյանը։
Անդրադառնալով պարգևավճարներին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ դրանք վճարվել են, վճարվում են և վճարվելու են:
«Յուրաքանչյուր ամիս բաժնի պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մեր կողմից հաստատված կարգի համապատասխան 0,3-1,3 գործակցի շրջանակներում գնահատում են բոլոր աշխատողների աշխատանքը: Ընդ որում, գնահատվում են նաև անձնական որակները, որը ընդհանուր գնահատականի 30 տոկոսն է, ինչպես նաև պաշտոնական պարտականությունների կատարումը, որն ունի 70 տոկոս կշիռ։ Այդ գործակիցները ներկայացվում է ՊԵԿ նախագահին և նա է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգևավճարները»,-ասաց Դավիթ Անանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ