Չորս անչափահաս որդիների ու խնդիրների հետ միայնակ մնացած կինը
Քրիստինեն իր չորս անչափահաս տղաների հետ արդեն մի քանի տարի երկաթգծի դեպոյի մոտ գտնվող Արցախի 32 հասցեում գտնվող հանրակացարանի երկու փոքր սենյակում է հաստատվել։ Նա ամուսնալուծված է։ Ավագ որդին Գուրգենն է, նա 9 տարեկան է, Րաֆֆին՝ 7.5 տարեկան է, Միքայելը՝ 6 տարեկան, Ալենը՝ չորս տարեկան։ Երեքը դպրոց են հաճախում, փոքրը՝ մանկապարտեզ։
Շենքը զրկված է կոմունալ հարմարություններից, ջրից, հոսանքից ու գազից։ ՀԷՑ-ից ասել են՝ բաժանորդ չի կարող դառնալ, գրանցման հետ կապված խնդիրներ կան։
«Կարիքները հոգալու համար երեխաներին տանում եմ շենքից մի քանի մետր այն կողմ։ Ոչ նորմալ տուալետ կա, ոչ ջուր կա, եփելը, լողանալը տանն ենք անում։ 3 կգ-անոց գազը լիցքավորում եմ, մեկ ամիս օգտագործում ենք»,-ասում է մայրը։
Շենքի այն հատվածում, որտեղ Քրիստինեն է ապրում, ևս 6-7 ընտանիք է ապրում, նրանք էլ արտաթորանքը թափում են հարևանությամբ։
Ամսական 48 հազար դրամ նպաստն ու 20 հազար դրամ աշխատավարձը, չնայած խիստ տնտեսումներին, ոչ մի կերպ չեն բավականացնում սնունդի, հագուստի համար։ Առաջիկա ցուրտն ու կոտրված ապակիներով, ցելոֆոնապատ պատուհաններից ու դարն ապրած դռնից փչող քամին էլ ընտանիքի վիճակն ավելի են բարդացնում։
Եթե աշխատավարձը չբարձրացնեն, Քրիստինեն մտադիր է ՀԿԵ-ից դուրս գալ, նա ժամը 18-19։30 ընկած ժամանակում երկաթգծի դեպոյի տարածքում մաքրություն է անում։
«Երեխաներին այդ ընթացքում մենակ եմ թողնում տանը, հեռախոս եմ տալիս ձեռքները, խաղում են, ի՞նչ անեմ։ Շատ վտանգավոր է նրանց մենակ թողնելը, գնացքներ են գալիս-գնում, երեխաներն էլ դուրս են գալիս, վազվզում, լարված եմ լինում շատ։ Դրան էլ գումարած աշխատավարձը շատ ցածր է, խոստացել են բարձրացնել»,-ասում է նա։
Եթե մաքրուհու, աման լվացողի կամ էլ նմանատիպ այլ աշխատանք լինի, ապա Քրիստինեն պատրաստ է առավոտից մինչև ժամը 13-ը, երբ ավարտվում են երեխաների դասերը, այդտեղ աշխատել։
«Գոնե մի 80 հազար դրամ աշխատավարձով»,-նշում է կինը։
Քրիստնեի ու նրա երեխաների խնդիրների մասին մի քանի օր առաջ իմացել է «Երազանքի ճանապարհով» ՀԿ-ն։ Ընտանիքին արդեն սնունդ, գումար, հագուստ ու տաք կոշիկներ են հանձնել։
Երեխաների մոր հետ մեր հեռախոսազրույցն հաճախ էր ընդհատվում բարձր աղաղակող երեխաներին նկատողություն անելով։ Հետո Քրիստինեն բացատրեց՝ ուրախացել են, նոր կոշիկներն են փորձում։
Մեկ ու կես-երկու ամսվա վառելու փայտ Քրիստինեին բարեկամները տվել են, սակայն խողովակներ չունենալու պատճառով դեռ վառարանը չի դրել։
«Մի 5-6 հատ պետք է առնեմ։ Բայց այս պահին շատ կարևոր է, որ երկու պատուհան ու մեկ դուռ առնեմ, չեղածի հաշիվ են։ Պատուհաններն ապակիներ չունեն, ցելոֆանապատ են, դուռն էլ բարակ դեսպե է»,-խնդիրները ներկայացնում է կինն ու խնդրում հնարավորության դեպքում իրենց հենց այդ հարցում օգնել։
Քրիստինեի հեռախոսահամարը՝ 077038201 և երեխաների լուսանկարները հրապարկվում են նրա համաձայնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին