Փաշինյանն՝ իր և Պուտինի նախնական պայմանավորվածությունների մասին
Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ և 2020 թվականի երկրորդ կեսին կամ 2021 թվականի առաջին կեսին ՌԴ նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին։
«Վերջին 6 ամիսներին Հայաստան են ժամանել ՌԴ նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը, ինչն աննախադեպ է։ Կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում։ Արդյոք դա վկայում է հայ-ռուսական հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին, և որն է այդ բարձր մակարդակն առաջիկա տարիների համար»,- հարցրեց պատգամավորը։
Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում՝ ՌԴ-ում։
«Եկեք արձանագրենք, որ այդ հարցերը ծագել են բոլոր ոլորտներում»,-ասաց նա։
Անդրադառնալով իր ու ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «2018 թվականի արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն աննախադեպ դինամիկա ունեին: Ժամանակի ընթացքում հարցերը ստանում են պատասխաններ, ընդ որում, այդ պատասխանները նաև որոշակի ընկալելու, կշռելու, դրանց խորությունն ու անկեղծությունը երկուստեք հասկանալու խնդիր կա: Ես դեռ անցած տարի ամառն եմ ասել, որ մեր մոտ պրոցես է գնում, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ ու որակ արձանագրվի։ Կարող եմ ասել՝ հիմա դա արձանագրվել է ու տեղի է ունենում: Հիմա ավելի վստահ կարող եմ ասել այդ մասին։ Եթե շատերը նախկինում կասկածով էին նայում դրան, հիմա հրապարակային գործընթացները լրացնում են բաց»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ