Փաշինյանն այլաբանորեն պատասխանեց Բաբաջանյանի հարցերին
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց. «Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամները Ձեզ հետ հանդիպումից հետո տված հարցազրույցում նշել էին, որ Դուք ասել եք «այս պահին Մադրիդյան փաստաթուղթը բանակցային սեղանին չեն»։ Շատ կարևոր է, որ այս պահին Ձեր կողմից հաստատում կամ հերքում ունենայինք»։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ մի փոքր թյուրըմբռնում է եղել. «Այդ օրը ես նոր բան չեմ ասել, քան ասել եմ հրապարակային մարտի 12-ին Ստեփանակերտում Արցախի և ՀՀ ԱԽ-երի համատեղ նիստում։ Ես ասել եմ՝ քանի դեռ Մադրդյան սկզբունքների պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, դժվար է ասել՝ դա մենք ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չէ»։
Գործադիրը հետևյալ օրինակը բերեց. «Այս սկզբունքները հարցի լուծման հնարավոր ճանապարհն է, մենք ուզում ենք հասկանալ այդ ճանապարհը մեզ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, որ նախապես իմանանք դրանով գնում ենք, թե չէ։ Ես հանդիպմանը այս օրինակը բերեցի՝ նույն ճանապարհով կարելի է գնալ Սևան, Գավառ, Դիլիջան, Վարդենիս, Իջևան։ Հիմա եթե պարզվի, որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, մենք այս ճանապարհով պետք չէ, որ մտնենք և գնանք, քանի որ ոնց էլ պտտվենք Արմավիր չենք հասնելու»։
Պատգամավորի մեկ այլ հարցին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են առաջ տանելու Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, արդյո՞ք կառավարությունն ունի արդեն իր սեղանին այդպիսի առաջարկ ունի։
«Էլի այլաբանորեն պիտի պատասխանեմ։ Օրինակ, եթե փետրվարին ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, այդ առաջարկն այդքան էլ տրամաբանական չի լինի, եթե ամիսը հուլիսն է, տրամաբանություն կլինի։ Հիմա տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց է տալիս, որ փետրվարն է։ Այնուամենայնիվ պետք է ճիշտ համատեքստում լինի»,- պատասխանեց վարչապետը։