ՀՖՖ գործկոմի օրակարգում այս պահին ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարց չկա. Արեն Մկրտչյան
«Բնականաբար, որևէ բացատրություն չունի 9։1 հաշվով պարտությունը, և որևէ արդարացում էլ չունի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանն՝ անդրադառնալով Իտալիայի հետ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ պարտությանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ինչ տեղի է ունենում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, անընդունելի է իրենց համար:
«Մենք գործկոմի փակ նիստում այս մասով մեր դիրքորոշումը հայտնել ենք: Մասնավորապես, կոպիտ խախտումով փորձում էին մարզիչ նշանակել առանց գործկոմի ներգրավման»,- ասաց նա։
Հարցին, թե այս դեպքում ինչու գործկոմը կողմ քվեարկեց մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը, Արեն Մկրտչյանը նշեց, որ խախտվել էին բոլոր հնարավոր ու անհնար ժամկետները, ունեին մեկ օր, որպեսզի ազգային հավաքականը մարզիչ ունենա։
«Լիներ Աբրահամ Խաշմանյանը, թե այլ թեկնածու, հանուն ֆուտբոլի պետք էր կողմ քվեարկել, այլապես հավաքականը չէր ձևավորվի: Այդ դեպքում՝ թիմը թե Հունաստանի խաղում, թե Իտալիայի հետ խաղում խաղադաշտ չէր դուրս գալու և ստանալու էինք երկու տեխնիկական պարտություն: Մենք այլընտրանք չունեինք»,- նշեց պատգամավորը։
Արեն Մկրտչյանի խոսքով՝ հավաքականի պարտության թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց Աբրահամ Խաշմանյանը ընդամենը երկրորդ խաղն է, ինչ գլխավորում է հավաքականը:
«Մեղավոր են բոլորը, իսկ թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է: Պետք է 9։1 հաշվով պարտությանը տան բացատրություն»,- ասաց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի օրակարգում այս պահին ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարց չկա։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ