Մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերություններն օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսենք. Արայիկ Հարությունյան
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ և Արցախի Հանրապետությունում 2020թ.-ի մարտին սպասվող նախագահական ընտրությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսեն: Այս մասին տեղեկացնում է «Ազատ հայրենիք» կուսացության մամուլի կենտրոնը:
Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և կից այդ մասին հավաստող տեսանյութ տեղադրել:
«Տնտեսության զարգացման կարևոր ձեռնարկումներից է կազմակերպված շուկայի կամ ֆոնդային բորսայի ստեղծումը, որտեղ կիրականացվեն արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ: Ըստ էության, տարիներ ի վեր ՀՀ-ում այն չի կայացել, սակայն դրա գոյությունը մեծ հնարավորություններ կստեղծեր տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումների համար ֆինանսական հոսքերի՝ տարբեր խողովակներով ապահովման առումով՝ արտերկրից և ներքին աղբյուրներից: Ի դեպ, միակ կայացած ընկերությունը, որն այս ոլորտում իրական հաջողության է հասել ՀՀ արժեթղթերի շուկաում՝ «Արցախհէկ» ընկերությունն է, որի բաժնետերերի թիվը անցնում է 1200-ը:
Խնդրի վերաբերյալ առիթ եմ ունեցել խոսելու Շուշիում օրերս կայացած «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական առաջին ֆորումի ժամանակ: Իրավիճակն արմատապես փոխելու համար «Ազատ հայրենիք» կուսացության անունից հայտարարել եմ, որ շուտով կսկսենք մի գործընթաց, որի արդյունքում էներգետիկայի, կապի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով դառնան բաց բաժնետիրական, որոնց արժեթղթերը խորհրդանշական գնով (օրինակ՝ 1000-1500 ՀՀ դրամով) պարտադիր վաճառքի հանվեն հայկական ֆոնդային բորսայում:
Այն առաջին հերթին Արցախի յուրաքանչյուր քաղաքացու համար (իսկ ես համոզված եմ, որ բնակչության զգալի մասը կմասնակցի) հնարավորություն կստեղծի ձեռք բերելու այդ բաժնետոմսերը և մասնակցելու նշված ձեռնարկությունների կառավարմանը՝ ամեն ամիս շահաբաժնի տեսքով ստանալով որոշակի եկամուտ: Արդյունքում մենք կունենանք կազմակերպված շուկա, որտեղ երաշխավորված կապիտալի ներգրավումը կդառնա ավելի տեսանելի, իսկ դրա տեղաբաշխումը տնտեսության տարբեր ճյուղերի մեջ կապահովի արագ զարգացում»,- նշել է Ա. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ