Հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության անհնար է. Մնացականյան
«Այս անբնական պայմաններում մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել, և ես իմ գործընկերոջ՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ: Արդյունքում բանակցային գործընթացում ենք լինում նաև Արցախի հետ, ինչը պրակտիկ առումով ոչ էֆեկտիվ է, և Արցախի ներգրավումը ուղղակի պրակտիկ նշանակություն ունի այս գործընթացի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։
Նախարարի խոսքով, հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության անհնար է. «Ինքներս շատ հստակ խոսել ենք, թե ինչ պրակտիկ նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացում»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել է, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Մնացականյանը պատասխանեց. «Այն, որ Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է, իրողություն է, որը ընդունվել է և արտահայտվել տարբեր առիթներով: Սա իրողություն է, որից խուսափելն անհնար է»։
Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանն ու կրակոցներին, Մնացականյանը նշեց, որ հարցը շատ կարևոր է բանակցային ամբողջության մեջ։
«Մենք դա համարում ենք ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցառումներ։ Ինչ արտահայտել ենք Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում, եղել և մնում են օրակարգային։ Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների հասնելուն, մեզ համար եղել են գերակայություններ»,-հավելեց Զոհրաբ Մնացականյանը։