Փուլ առ փուլ անցում կկատարվի կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին
Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծերի նպատակը կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։
Արդյունքում, անցում կկատարվի կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին՝ ապահովելով վճարումների հասցեականությունը և էապես նվազեցնելով առկա ռիսկերը։
Օրինագծերով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սահմանելով բացառության որոշ դեպքեր: Մասնավորաապես՝ բացառություն կլինեն, եթե՝ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին:
Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:
Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, ինչպես նաև հաշվի առնելով նաև առանձին բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով: Նախ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (2020-ի հուլիսի 1-ից), ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում (2021-ի հունվարի 1-ից), 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում:
Նախատեսվում է նաև, որ տվյալ բնակավայրում մինչև սահմանված ժամկետները նշանակված կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև սահանված ժամկետում կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում ներկայացնելը։ Ընդ որում, նշված դիմումները չներկայացնելուց հետո ևս 6 ամսվա ընթացքում շահառուն կարող է ներկայացնել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում: Եթե նշված դիմումները չեն ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է. «Ռազմավարական առումով եկեք արձանագրենք, որ, չգիտեմ ինչ ժամանակացույցով, իքս պահի մեր երկրում կանխիկ գումար ընդհանրապես պետք է չլինի: Հիմա մենք կրկնակի, եռակի, քառակի, 5 անգամ ավելի շատ ռեսուրս ենք ծախսում կոռուպցիոն գործեր քննելու և այլնի համար: Այդ ակտակտը և այլն, և այլն ինչպե՞ս է արվում՝ կանխիկի միջոցով»: