Հնարավոր է, որ կարիք լինի վերանայել գովազդի մասին օրենքը. Լիլիթ Թումանյան
«Ես ներկա պարագայում լուրջ առարկայական պատճառներ նոր օրենք կրելու համար չեմ տեսնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արմնյուզ FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծին։
Թումանյանի խոսքով, դաշտում կան որոշակի խնդիրներ, որոնք միգուցե շտկումների կարիք ունեն, կամ կարող են ենթաօրենսդրական ակտերով փոփոխվել, բայց լուրջ առարկայական տեսլական նոր օրենք կրելու համար չկա. «Այո, մենք ունենք նոր իրողություն, որ ապագայում ռադիոկայանների համար առաջացնեն նոր օրինագծի խնդիր։ Եթե հեռուստատեսությունն այսօր արդեն թվայնացված դաշտում է աշխատում, ապա ռադիոկայանները դեռևս անալոգային են»։
Եվ քանի դեռ ռադիոկայաններում տեխնիկական բազան հարմարեցված չէ փոփոխությունների համար, Թումանյանի կարծիքով, նոր օրինագծի մասին խոսելը վաղ է և կարող է իսկապես վտանգավոր լինել, քանի որ կարող է ստեղծել անհավասար պայմաններ ինտերնետային հեռարձակողների համեմատությամբ։
«Մենք չենք կարող առաջարկել օրենսդրական դաշտի փոփոխություն առանց ԶԼՄ-ների մասնակցության, քանի որ դրանով է սահմանվելու և կարգավորվելու նրանց գործունեությունը»,- նշում է Լիլիթ Թումանյանը։
Օրենսդրական փոփոխությունների մասին խոսելիս, Թումանյանի համոզմամբ, կարևոր է հասկանալը, որ այսօր կա երկխոսության կարիք, որովհետև փոփոխությունները, որոնք պարտադրվում են վերևից, առաջացնում են բավականին լուրջ սոցիալական հակասություններ և բավականին լուրջ դիմադրություն, և այս պայմաններում կառուցողական որևէ աշխատանք վարել հնարավոր չէ։
«Պետք է նաև հասկանալ, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման արդյունքում մենք վաղ թե ուշ գալու ենք այն եզրակացությանը, որ փոփոխության կարիք ունի ոչ միայն հեռուստառադիո նախագիծը, այլ նաև հարակից օրենքները։ Օրինակ, ես շատ հավանական եմ համարում, որ վաղ թե ուշ իշխանությունների կողմից մենք կլսենք ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նախաձեռնության մասին։ Շատ հնարավոր է, որ կարիք լինի վերանայել գովազդի մասին օրենքը։ Այսօրվա դրությամբ հեռուստաընկերությունները և ռադիոները սահմանափակված են իրենց գովազդների փաթեթների մեջ 14 րոպեով»,-հավելեց նա։
Թումանյանի խոսքով, եթե այսօր պետության կողմից մշակված չունենք տեղեկատվական քաղաքականություն, թե ինչպես պետք է կառավարությունն աշխատի ԶԼՄ-ների հետ սեփական ռազմավարական ծրագրերը իրականացնելու համար, վաղ թե ուշ հեռուստատեսությունն ու ռադիոն չի կարողանալու անվճար սոցիալական գովազդ տեղադրել. «Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ոչ հապճեպ անցնել բոլոր այս փուլերը, և 3-4 տարի հետո այդ նոր օրենքը հնարավորինս կատարյալ ներկայացնել, որպեսզի չառաջանա հակասություն ոլորտի սուբյեկտների միջև»։