Այնպես չէ, որ իշխանությունն անսխալական, անքննելի է. Զոհրաբյան
«Ինձ շարունակում է զարմացնել այս ագրեսիան և այս անհանդուրժողականությունը ցանկացած կարծիքի հանդեպ, որը չի համընկնում ԱԺ մեծամասնության կարծիքի հետ»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի խոսքով, կառավարությունը չի կարողանում ներկայացնել վարկ վերցնելու նպատակայնությունն ու նպատակահարմարությունը։
«Մենք հիմա չունենք գումարի խնդիր, ինչի մասին բազմիցս այս ամբիոնից հայտարարել է երկրի վարչապետը, դուք էլ ասում եք դե հիմա գումար ա, եկեք վերցնենք, հետո կմտածենք՝ ինչի վրա ենք ծախսում։ Այսինքն՝ դուք պիտի դա նախապես մտածած լինեիք, գոնե մոտավոր ճանապարհային քարտեզ ունենայիք, թե ինչ ուղղություններով է այդ վարկը իրացվելու, որպեսզի այստեղ նման հարցեր չհնչեին»,- նշեց Զոհրաբյանը։
Ըստ Զոհրաբյանի, այնպես չէ, որ իշխանությունն անսխալական, անքննելի է. «Սա ուղղակի հակասում է էն արժեքներին, որոնք հռչակելով դուք եկել եք իշխանության։ Հանդուրժող եղեք, այլապես այն մթնոլորտը դառնում է անտանելի»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ խիստ կարևոր է հասկանալ, թե վերցված գումարի համար վերջնական արդյունքում որքան է վճարելու պետությունը. «Եթե դուք Ձեր անձնական նպատակների համար վարկ վերցնեիք, այսպե՞ս կվարվեիք, քանի՞ անգամ կչափեիք-կձևեիք։ ՀՀ-ի համար է այս վարկը վերցվում։ Ամբողջ տարվա կտրվածքով ներկայացնում եք, թե ոչ մի պրոբլեմ չունեք, տարվա վերջ եկել, ասում եք, որ դեֆիցիտ ունե՞ք։ Բա ամբողջ տարվա ընթացքում խի՞ չէիք ասում, որ տարվա վերջում սենց խնդիր ենք ունենալու»։
Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Հայաստանի Հանրապետության և վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ, վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ