Այսօր իշխանությունը չունի արժեքային համակարգ. Արծվիկ Մինասյան
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում 2019 թվականն աչքի ընկավ այնպիսի իրողություններով, որոնք կարելի է բնութագրել մարտահրավերների, սպառնալիքների նոր մակարդակի տարի։ Այս մասին այսօր «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմնում տարին գնահատվել է իբրև 7 ռիսկերի խորացման տարի։
Այդ ռիսկերն են՝ արտաքին քաղաքականությունում արձանագրված ձախողումները, անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի նկատմամբ թիրախային հարվածները, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրված պատերազմի սպառնալիքը, իրավական պետությանը ոչ բնորոշ երևույթները։ Հաջորդ մարտահրավերը վերաբերում է երկրում պետական ինստիտուտների, պետական կառավարման համակարգի ձախողմանը։
«Մեկ այլ կարևոր մարտահրավեր վերաբերում է սոցիալ-տնտեսական կյանքին։ Վերջինն էլ այն հասարակական մթնոլորտն է, որ ստեղծվել է մեր երկրում, և որը նպատակաուղղված է ոչ միայն հանրային, բարոյական արժեքները ոչնչացնելուն, այլ նաև ազգային պատկերացումները, ազգային իղձերը ոտնատակ տալուն»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Նա նաև ասաց, որ այսօր մասշտաբային ոչնչացվում են ընտանեկան արժեքներն ու հարգանքի ինստիտուտը:
«Անգամ ԱԺ պատգամավորները, առանց գիտակցելու, որ չեն վաստակել այդ իրավունքը, գնահատականներ են տալիս մարդկանց, որոնք երկրի զարգացման համար հիմքեր են ստեղծել, ազգային ազատագրական պայքարում իրենց դերակատարում են ունեցել։ Այս ամենը գալիս է փաստելու մեկ բան, որ այսօր իշխանությունը չունի արժեքային համակարգ և պատահական չէ, որ չունենալով արժեքային համակարգ չունի նաև գաղափարախոսություն»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։
Նա նաև նշեց՝ այն իշխանությունը, որ չունի արժեքային համակարգ և գաղափարախոսություն, ամենավտանգավորն է, քանի որ նրա առջև որևէ սահմանափակում, սահման չկա, որ սա կարմիր գիծն է և չի կարելի այստեղից անցնել:
Հարակից հրապարակումներ`
- Շանսեր չեմ տեսնում, որ 2020-2021 թթ-ին տնտեսության վիճակն աստիճանաբար կլավանա. Բագրատյան
- Բոզոյան. Այսօրվա իշխանություններն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ խնդիրը
- Անդրանիկ Թևանյան. 2020-ին արդեն գալիս է իշխանությունների հաշվետվություն տալու ժամանակը
- Անդրանիկ Թևանյան. Իշխանության են եկել շատ պատահական մարդիկ