Կառավարության դիմաց լարված վիճակ է. Բախում ոստիկանների ու զոհված զինծառայողի հարազատների միջև
Արցախում սպանված եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները կառավարության շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է սպանվել իրենց երեխան։
«Պատերազմում զոհվեր, ոչինչ չէինք ասի։ Հիմա խաղաղ պայմաններում սպանվել է, մենք արդարություն ենք պահանջում։ Թող գա վաշտի հրամանատարն ասի, ինչ է եղել»,-զայրացած բղավում էր Արթուրի մայրը՝ ձեռքին որդու սև ժապավենով երիզված լուսանկարը։
Մայրն ասում է՝ առողջական խնդիրներ ունի, առանց հոր է որդուն մեծացրել, բանակ է ուղարկել, մինչդեռ կարող էին այնպես անել, որ որդին զինծառայության չմեկներ։
Հարազատները պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ հանդիպի, պատասխանի իրենց հարցերին։
«Ճամփա տվեք, թույլ տվեք, ես մտնեմ իր մոտ»,-ասաց մայրն ու փորձեց անցնել ոստիկանների միջով։
Ի պատասխան մի քանի տասնյակ ոստիկաններ կտրեցին զոհված զինծառայողի մոր ճանապարհը, սկսվեց մեծ աղմուկ ու աղաղակ, հրմշտոց, քաշքշոց, ոստիկանների ու զոհված զինծառայողի հարազատների միջև։
Վերջինները բացականչում էին՝ Նիկոլ, պահանջում, որ նա հանդիպի իրենց հետ։
«Կանչեք վարչապետին, թող գա, զանգեք, թող գա»,-պահանջում էին նրանք։
Պահանջը չբավարարելուց հետո, նրանք փորձեցին Հանրապետության հրապարակ մտնող փողոցը փակել։ Այս դեպքում էլ ոստիկանները վրա հասան, քաշքշելով դուրս հանեցին փողոց դուրս եկած երիտասարդներին։
Զոհված զինծառայողի պապը բարկացավ, սպանությունից անցել է 24 օր, ոչ մի բան չգիտեն։
«Մինչև Նիկոլը չիջնի, տեղ չենք գնալու։ Ամեն ինչի պատրաստ ենք, երեխու դիակը հանելու ենք, բերենք, թող մեզ ասեն, թե քանի օրում կբացահայտեն սպանությունը։ Իմ խելոք երեխուն ի՞նչ են արել, փակելու ենք հիվանդանոցների, հանգստյան տների ճամփաները»,-ասաց պապը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Հարազատներն ավելի վաղ արդարության պահանջով ԱԺ շենքի դիմաց էին բողոքի ակցիաներ իրականացնում։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն մանրամասներ հրապարակեց զինծառայողի մահվան փաստով հարուցված քրեական գործից
- Զինծառայողի հորեղբայր. Եթե պատասխան չստանանք, ապա դին բերելու ենք այստեղ
- Զինվորի մայրը ԱԺ դիմաց է. Իմ երեխուն սպանողին ինձ տվեք, վրեժս լուծեմ
- Արցախում չպարզված հանգամանքներում զոհվել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան