Առաջարկվում է ԱԺ փոխխոսնակներին տալ լսումներ անցկացնելու հնարավորություն
ԱԺ կանոնակարգ օրենքը ամբողջությամբ չի արտացոլում ներկայիս իրողությունները և արդյունավետությունը։ Այս մասին խորհրդարանում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հեղինակած՝ «ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Պատգամավորի խոսքով, փոփոխություններ իրականացնելու պարագայում ԱԺ փոխխոսնակներին և խմբակցություններին լսումներ իրականացնելու հնարավորություն է ընձեռվում։
«Հաճախ այս ամբիոնից կամ տարբեր հարթակներում մենք ասում ենք, որ Սահմանադրությունը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք խորհրդարանական գործառույթներ իրականացնել։ Բայց դրանք առաջին հերթին պարունակում են գործիքակազմ, որի բաղադրիչներից մեկը լսումներ անցկացնելն է։ Այս իրավակարգավորումով մենք հնարավորություն ենք ընձեռում բոլոր խմբակցություններին լսումներ անցկացնելու։ Դրանով մենք վերաբերմունք ենք փոխում»,- նշեց Վահե Էնֆիաջյանը։
Պատգամավորը վստահեցրեց, որ օրենքի նախագիծով փոխխոսնակներին հնարավորություն ընձեռելու հանգամանքը որևէ մեկի ձեռքից չի վերցնում լսումներ անցկացնելու հնարավորությունը. «Սա լրացուցիչ հնարավորություն է՝ ավելի շատ, ավելի արդյունավետ աշխատելու»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկայացված իսնտիտուտն ինքնին կարող է գոյություն ունենալ, եթե այն չվերաբերի ԱԺ նախագահի տեղակալներին։
«Օրենսդիր մարմնի ղեկավարը չունի ինքնուրույն լիազորություններ։ Նա իրականացնում է ԱԺ նախագահի կողմից տրված լիազորությունները։ Ընդ որում լիազորությունները կարող է իրականացնել ամբողջ ծավալով կամ մասնակիորեն։ Իսկ եթե ԱԺ նախագահի տեղակալին ընձեռվում է լսումներ անցկացնելու լիազորություն, ստացվումէ իրավիճակ, որ տեղակալը ինչ-որ առումով ստանում է ավելի շատ լիազորություններ, քան ԱԺ նախագահը»,- նշեց Վարդանյանը։