Ձեզ իրապես մեծ ապագա է սպասվում. Մարուքյանը՝ իմքայլական պատգամավորին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների՝ այսօրվա դեմ քվեարկելուց հետո ԱԺ օրակարգ չներառվեցին շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առաջարկել էր ընդդիմությունը։
Մասնավորապես, օրակարգ չընդգրկվեց ԼՎԿ-ի՝ «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգքրում լրացումներ մտցնելու մասին, Քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքների նախագծերը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իմքայլականները մերժեցին ԼՎԿ-ի ներկայացրած 4 նախագծերը։
«Եթե երեք նախագծերի հետ կապված կարող եմ ասել, որ դուք մեկ այլ փիլիսոփայություն ունեք, երևի, և այլ կերպ եք ցանկանում այդ խնդիրները լուծել, ապա ոչ մի կերպ չեմ հասկանում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը մերժելը: Պարոն Գրիգորյան (խմբ. նկատի ունի «Իմ քայլ»-ի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին), ես ուզում եմ ասել, որ ձեզ իրապես մեծ ապագա է սպասում, քանի որ այն էներգետիկան, այն էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներդնում եք մեր նախագծերը մերժելիս, ուղղակի ապշած եմ: Ասում եք՝ «այո, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք»։ Այսինքն՝ մենք ցնծա՞նք դրանից, որ բովանդակային քննարկել եք մեր նախագի՞ծը։ Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք, դուք վատթարացնում եք ձեր վիճակը նման բաներով»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Սուրեն Գրիգորյանն էլ արձագանքեց. «Ես անընդհատ հիշում եմ, որ ընդդիմությունը խոսում է, թե իշխանության վիճակը վատ է, և այս ամսին կտեսնեք, թե ինչ է լինելու: Հոկտեմբերին էր, հիմա, կարծես, մայիս է տեղափոխվել, եթե չեմ սխալվում: Ես հուսով եմ, որ, գոնե, իմ պայծառ ապագայի մասով կանխատեսումները ճիշտ կլինեն։ Շնորհակալ եմ նման բարիդրացիական կանխատեսման համար, պարոն Մարուքյան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան