ՀՀ քաղաքացիները առանց վիզայի կարող են գտնվել Սերբիայում, Սերբիայի քաղաքացիները՝ Հայաստանում
Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ 2019թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ին։
Արդյունքում, ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։
Փոխնախարարը նշեց, որ ելնելով փոխադարձության սկզբունքից՝ անհրաժեշտություն է առաջացել Սերբիայի քաղաքացիներին նույնպես ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից:
Նախագծի ընդունման արդյունքում՝ Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշման նախագծի ընդունումը և նշեց, որ այն հնարավորություն կտա ուղիղ չվերթներ իրականացնել Երևանից Բելգրադ և այլ քաղաքներ։ «Ընդհանրապես այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, կարծում եմ, որ շատ կարևոր ուղղություն է արտաքին քաղաքականության համար»,- ասաց վարչապետը։
Ավետ Ադոնցն էլ հայտնեց, որ Հայաստանը վեց տասնյակից ավելի երկրի հետ ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ։
Նշվեց նաև, որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը