Մեր փափուկ և մաքսիմալ իրավական դաշտում մնալն է պատճառը, որ այսօր ՀՀ-ում կան նման խնդիրներ. Սիմոնյան
Այսօր ժամը 16.00-ին լինելու է ԱԺ խորհրդի նիստ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Նիստի ընթացքում հաստատվելու խորհրդարանի վաղվա արտահերթ նիստի օրակարգը, որտեղ ներառված է «Իմ քայլ»-ից պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած օրենսդրական փաթեթը՝ փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ» և ևս երկու օրենքներում։ «Իմ քայլ»-ականների խոսքով՝ այդ առաջարկի նպատակը դատական համակարգի ճգնաժամի հաղթահարումն է։
Հարցին, թե արդյո՞ք նախքան նման նախագիծ կազմելը Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկում չի եղել, Սիմոնյանը նշեց, որ չի կարծում՝ ԱԺ պատգամավորը պետք է Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցի։
«ՀՀ իշխանությունը հաշվետու է ժողովրդի և այն մարդկանց առջև, ովքեր իր համար քվեարկել են։ Եվ եթե իշխանությունը նպատակահարմար կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ մեկ այլ մարմնի խորհրդակցական կարծիքը հարցնել, մենք դա կանենք։ Մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու ենք ՀՀ ժողովրդին»,- նշեց Սիմոնյանը։
Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքյոն անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:
Պատգամավորն ասաց, որ ժողովուրդը իշխանությանը ձայն է տվել, որպեսզի նա իշխանության 3 ճյուղերի խնդիրները լուծի, և դատական իշխանությում առկա ճգնաժամը ֆիքսվում է բոլոր կողմերից, լուծվելու է. «Նաև դրա համար մենք ստացել ենք մանդատ։ Ես կրկնում եմ՝ շատ մոտ ապագայում ՀՀ դատական համակարգում ստեղծված իրավիճակը լուծվելու է ամբողջովին, և ժողովուրդը մեր միջոցով դրա անմիջական մասնակիցն է լինելու»։
Ըստ Սիմոնյանի, դատական իշխանությունը նախկին իշխանության վերջին բաստիոնն է։
«Ստեղծվել է իրավիճակ, որտեղ ամբողջովին զավթված ՀՀ-ն՝ իր բոլոր երեք ուժերով մենք հերթականությամբ ազատագրում ենք։ Այդ պրոցեսը կարծում եմ, այս տարի ավարտին կհասցնենք, և վերջնականապես կմոռանանք այն ամենն, ինչ եղել է ՀՀ-ում նախկին 30 տարիներին»։
Դիտարկմանը, որ ընդդիմությունը կարծում է, որ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը կարող է արդեն ԵԽԽՎ հայտարարություն դառնալ, Սիմոնյանը նշեց, որ ակնհայտ է, ՀՀ-ն որևէ զեկույցում երբևէ նման բարձր դիրք չի գրավել, որքան այսօր. «Բոլոր միջազգային զեկույցներում ՀՀ-ն ամենաբարձր գնահատականներին է արժանանում, ինչպես նաև մեր վարկանիշը բոլոր տեղերում միայն բարձրանում է»։
Պատգամավորը կարծում է, որ ՀՀ իշխանությունն այսօր շատ ուժեղ դիրքերում է. «Եվ ՀՀ իշխանությունը ամենամեղմ և ամենաիրավական ճանապարհով է գնացել և գնում։ Պարզ օրինակ ձեռք մեկնելը, որ մենք արել ենք ՍԴ դատավորների նկատմամբ։ Դա կգնահատվի, կարծում եմ։ Մեզ շատ են մեղադրում, որ մենք մեղմ ու փափուկ ենք, և դա է պատճառը, որ այժմ ՀՀ-ում կան նմանատիպ խնդիրներ՝ մեր փափուկ և մաքսիմալ իրվական դաշտում մնալն է»։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանության վարկանիշն իջել է, Սիմոնյանը պատասխանեց՝ չկա նման բան։ «Դուրս եկեք ֆեյսբուքից, դուրս եկեք էն մարդկանց շրջանակից, որոնք վճարվում են ՀՀ բարձրագույն իշխանությանը վիրավորելու, ինչ-որ ձևով վարկաբեկելու համար։ Դուրս եկեք, և տեսեք՝ ՀՀ ժողովրդին ով է գազազացնում. ՀՀ ժողովրդին ջղայնացնում է այն ամենը, ինչ որ արվում է հիմա Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության նկատմամբ։ Ատելության մթնոլորտի մասին է խոսվում, ես ասել եմ և ասում եմ՝ ատելության մթնոլորտ կա էն մարդկանց մեջ, ում որևէ մեկը չի սիրում, ով նույնիսկ իր տանը, իր շրջապատում ատելի է։ ՀՀ իշխանությունը ոչ մեկին չի ատում, մենք ուժեղ ենք, մենք հաղթող ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ասում էինք՝ պետք չի ՍԴ հարցով այդպես անել, թե՞ անպայման Բուքիքյոն պետք է ասի. Մարուքյան
- Բուքիքիո. Սահմանադրական դատարանի նախագահը հարվածների տակ է հայտնվել
- Բուքիքիոն հայտարարություն է արել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի վերաբերյալ