Բաբաջանյան փողոցում քաշքշուկ առաջացավ ոստիկանների ու բնակիչների միջև
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 10 ու հարակից շենքերի բակերում մինչ տեխնիկան քանդում էր ավտոտնակները, մի քանի ոստիկաններ ավտոտնակից դուրս քաշեցին մի քաղաքացու։ Մինչ տղամարդը բղավում էր ու գոռգոռում, նրան օգնության հասան այլ բնակիչներ։
Երեք-չորս բնակիչներին տասնյակից ավելի ոստիկաններ հրելով, քաշքշելով տարան նրանց։
Հարևանների խոսքից պարզ դարձավ, որ մարդիկ փորձում են ավտոտնակից դուրս հանել մեքենան։
«Թողեք մարդը դուրս հանի մեքենա, էս ինչ շուխուռ է»,-բարկացավ նա։
Բակի տարածքում մեծ թվով ոստիկաններ են բերվել։ Քաղաքացիները նշում են, որ իրենք տեղեկացված չեն եղել քանդելու մասին, մեքենաներ, այնտեղ գտնվող իրերը դուրս հանել չեն հասցրել, պետք է հանեն նաև դարպասները։ Ոստիկաններն ասացին՝ ժամանակ են տալիս մեքենաներն ու իրերը ավտոտնակներից դուրս հանելու համար։
Բնակիչներից մեկն էլ ասաց, պայմանագիրը ստորագրել է, բայց իրեն հասանելիք 600 հազար դրամ գումարը չի ստացել։
«Ինձ խաբել են։ Էս արհեստանոցի համար ինձ չեն վճարել։ Այն չի քանդվելու, քանի դեռ ես չեմ ստացել գումարը։ Հինգ-վեց անգամ դիմել ենք քաղաքապետարան, միշտ մերժել են, ասել են՝ էլ փոխհատուցում չի լինելու»,-ասաց բնակիչը։
Բնակիչների հետ հանդիպման եկած քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց հետ բերել էին նախագիծը, բացատրեցին՝ ճանապարհի մոտ արգելապատնեշներ չեն լինելու, այդ հատվածը դառնալու է սովորական քաղաքային փողոց, թույլատրելի արագություն է սահմանվելու 40 կմ/ժ։
Ի պատասխան ներկայացված նախագծի, շենքերի բնակիչները հակառակվեցին՝ իրենց բակ այս պահին կա երեք մուտք ու ելք, այդ նախագծով կառուցելու դեպքում, մուտքերն ու ելքերի թիվը կրճատվելու է։
Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց՝ ճանապարհը կառուցելուց հետո կլինի՝ մեկ ելք ու մուտք, քիչ այն կողմում նախատեսված է ևս մեկ լրացուցիչ մուտք, 150 մ հեռու՝ ևս մեկ մուտք ու ելք է լինելու։
«Այդ դեպքում մենք բակի տարածք ոչ մտնել ենք կարողանալու, ոչ էլ դուրս գալ։ Պատկերացնո՞ւմ եք, շտապ օգնության մեքենա է գալու... Մեզ այս պահին անհանգստացնում է ձայնը, որ առաջանալու է մեքենաների ձայնից, տարեցները հանգստի տեղ չեն ունենալու, մայթը շատ նեղ է լինելու։ Մենք որոշել ենք դատարան դիմել, բայց չգիտենք էլ, հիմա դատարան կա՞, թե չկա՞»,-ասաց Արամ անունով բնակիչը՝ հայտարարելով, որ նախագծի հեղինակն իր հետ զրույցում խոստովանել է, իրեն էլ իր աշխատանքը դուր չի եկել, բայց ստիպում են։