Հայաստանի երկու քաղաքում կանցկացվեն «Կանայք տվյալագիտության մեջ» խորագրով միջոցառումներ
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)`դառնալով Սթենֆորդի համալսարանի կողմից անցկացվող «Կանայք տվյալագիտության մեջ» (Women in Data Science) կոնֆերանսի գործընկեր, ապրիլի 25-ին Երևանում և Աշտարակում կկազմակերպի WiDS Ashtarak և WiDS Yerevan միջոցառումները: Յուրաքանչյուր քաղաքում նախատեսվում է ունենալ 100-ից ավելի մասնակից:
«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է 2015թ.-ից՝ աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։
Հիմնադրամից նշում են, որ Երևանում և Աշտարակում կայանալիք միջոցառումների մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու հայ և արտերկրի գիտնականների աշխատանքներին, մասնակցելու հետաքրքիր քննարկումների, ինչպես նաև կբացահայտեն Հայաստանում և աշխարհում տվյալագիտության կիրառելիությունը ամենատարբեր ոլորտներում՝ ներառյալ բիզնեսը, արդյունաբերությունը, ճարտարագիտությունը, քաղաքաշինությունը, բժշկությունը և այլն։
Հայաստանում ՁԻՀ-ի կողմից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսների դեսպանն է ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը։ Միջոցառումները կանցկացվեն Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ (ISTC)։
«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսի նպատակն է ուղղորդել կանանց դեպի տվյալագիտության ոլորտ: Ամալյա Եղոյանն ընդգծել է, որ կանանց ներգրավվածության ավելացումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նաև Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի առաքելություններից է: