Էրդողանը Իդլիբի թեմայով ժողով է գումարել
Փետրվարի 10-ին Սիրիայի Իդլիբ նահանգում 5 թուրք զինվորականների սպանությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարների մասնակցությամբ ժողով է գումարվել:
Նշվում է, որ ժողովի ընթացքում է որոշվել պատասխան հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներին, որոնց հրետակակոծության հետևանքով թուրքական զինուժը կենդանի ուժի կորուստներ էր կրել: Այս մասին գրել է ermenihaber-ը։
Ըստ թուրքական աղբյուրի՝ ժողովում արձանագրվել է, որ ոչ մի հարձակում չի կարող Թուրքիային ստիպել հրաժարվել «իր սահմանային անվտանգությունն ապահովելու և փախստականների վերահաս ալիքը կանխելու նպատակով Իդլիբում ունեցած իր ռազմական ներկայությունից»:
Նշվում է, որ ժողովին մասնակցել են փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը և այլք: