Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է լինելու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ այսօր Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է լինելու,գրում է ermenihaber-ը:
Երկու նախագահները պիտի քննարկեն Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին օրերի թուրք-սիրիական բախումների հարցը: Այդ բախումներում թուրքական զորքը կենդանի ուժի կորուստներ է ունեցել։
«Հարկավոր է, որ երաշխավոր երկրներ Ռուսաստանը և Իրանը Ասադի ռեժիմի հարձակումները դադարեցնել տան»,- նշել է Չավուշօղլուն:
Նախարարը շեշտել է, որ ովքեր թուրք զինվորներին թիրախավորեն, պատասխան հարված են ստանալու: Կարևորել է Իդլիբում բախումների դադարեցումը, հրադադարի մնայուն ռեժիմ հաստատումը և սիրիական խնդրին քաղաքական լուծում բերելը:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 10-ին Իդլիբում իրականացված հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող, իսկ ևս 5-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, կառավարական ուժերի հետ բախումներում սպանվել էր ևս 7 թուրք զինծառայող։