Մարությանն առաջարկել է հանրաքվեի ժամանակ Երևանին վերաբերող հարց էլ ներառել
Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ երեկ զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ նաև մայրաքաղաքին վերաբերող հարց էլ դրվի հանրաքվեի:
«Ես զրուցել եմ պարոն Մուկուչյանի հետ: Քանի որ անցկացնելու ենք համապետական հանրաքվե, ուզում էի մեր քաղաքային հանրաքվել էլ մեկ կամ երկու հարցաթերթիկով ավելացվել: Բայց պարոն Մուկուչյանն ասաց, որ հնարավոր չէ, քանի որ տարբեր ցուցակներ են, համապետականի մասնակիցներն ու համայնքի հանրաքվեի մասնակիցները տարբերվում են, ինչ որ բարդություններ կան: Չգիտեմ էլ՝ օրենքում հակասություններ կան, թե ոչ: Համենայնդեպս, այս հարցը դեռ իր հետ քննարկման փուլում է, օգտագործենք այդ հնարավորությունը, որովհետև բավականին ծախս է արվելու, որ հավելյալ ծախս չարվի»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Ավագանու նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին Հայկ Մարությանից, թե հատկապես ի՞նչ է ուզում հանրաքվեի դնել:
«Տիգրան Մուկուչյանի հետ հարցերի մասին չենք խոսել: Բազում հարցեր կան: Եթե ասեր այո, ավագանու հետ կքննարկվեր, թե ինչ հարցեր դնել»,- ասաց քաղաքապետը: