Մեզ մեղադրում և մեղադրելու են հնարավոր բոլոր բաների մեջ. Ալեն Սիմոնյան
«Մեզ մեղադրում և մեղադրելու են հնարավոր բոլոր բաների մեջ։ Մարդակերության մեջ էլ կարող են մեղադրել, միայն թե որևէ ձևով խափանեն սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Չկա տենց բան»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերը հայտարարում են՝ սահմանադրական հանրաքվեն հնարավորություն կտա իշխանությանը անցկացնել բոլոր այն նախագծերը, որոնք հաճո են իր քիմքին, Սիմոնյանն արձագանքեց՝ չկա նման բան։
ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որում նա մեղադրում է Ալեն Սիմոնյանին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դեմ տարվող էժանագին քարոզչության համար։ Նա մասնավորապես նշել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը և Ալեն Սիմոնյանը նույն ժամանակահատվածում նույնաբովանդակ հայտարարություններ են անում։
«Տեսել եմ այդ հրապարակումը, և ցավում եմ, որ երիտասարդ քաղաքական գործիչը, ով Միքայել Մինասյանի կայքում տեսանյութերի աստղ է համարվում, ինձ կապում է Հրայր Թովմասյանի քրոջ հետ։ Ես կարծում եմ, որ մարդը հայտարարություններ անելուց պետք է վստահ լինի, որ իր հետ կապված նման հայտարարություններ չեն լինի։ Ինքը թող գնա նկարվի իշխանության դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ տեսանյութերում և թող չփորձի ինձ կապել որևէ մեկի հետ»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հայտարարություններին, որ սահմանադրական փոփոխությունների ընթացքում որևէ մեկը «ոչ»-ի շտաբ չի բացի՝ Սիմոնյանը նշեց՝ դրա պատճառն այն է, որ որևէ մեկի մոտ կասկած չկա՝ «այո»-ն հաղթելու է։
«Ես վստահ եմ, որ կձևավորվի «ոչ»-ի շտաբ, որովհետև «սուրբ» տեղը դատարկ չի մնա, և օրենքը դրա կարգավորումը տվել է։ Վստահ եմ, որ կլինեն, արդեն մարդիկ կան, որ դրա մասին հայտարարում են, արդեն պտտվում է «ոչ հակասահմանադրական հանրաքվեին»։ Վստահ եմ, որ կլինի «ոչ»-ի շտաբ»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ փոխխոսնակը հերքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե երեկ ՍԴ 3 դատավորներ են եկել ԱԺ. «ՍԴ որևէ դատավոր ԱԺ մուտք չի գործել և էս էսօր պարոն Միրզոյանի հետ խոսել եմ, նման տեղեկություն չկա։ Վարչապետը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել նրանց հետ»։
Հարցին՝ արդյո՞ք հանրաքվեն կանցկացվի, եթե ՍԴ դատավորները և նախագահը դրանից 2 օր առաջ հրաժարական տան, Սիմոնյանը պատասխանեց՝ ենթադրում է, որ հանրաքվեն կկայանա։
«Բացառում եմ, որ բոլորը հրաժարական տան, չեմ կարծում, որ տենց համարձակ քայլի բոլորը կգնան։ Վաղ կենսաթոշակի կարող են գնալ այն դատավորները, ովքեր մինչև փետրվարի 27-ը հրաժարական կտան։ Եթե մինչ այդ չօգտվեցին, ապա այլևս հնարավորություն չեն ունենա»,- նշեց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր
- Մարուքյան. «Ոչ»-ի ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն
- ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրելու՝ որոշելու «այո»-ի ճամբարում է լինելու, թե «ոչ»-ի. Ծառուկյան
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Այդ խելքով էլ այլ մարմիններում էլ ճգնաժամ են փնտրում