Քրեակատարողական հիմնարկները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքեր, ինչպես նաև «SECUPLUS» մակնիշի անցումային և ձեռքի շարժական դեդեկտորներ (մետաղորսիչ սարքեր)։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դրանց կիրառմամբ հանձնուքների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտիներ մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգումն ու զննությունն իրականացվում են անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի եղանակով։
Ժամանակակից հիշյալ սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնելու են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։
Նոր սերնդի տեխնիկական սարքեր ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ շահագործման մեջ եղած նախկին սարքերի հետ համատեղ օգտագործելու արդյունքում հնարավոր է դարձել նաև ավելացնել հսկման կետերի քանակները` բարելավելով հիմնարկների անվտանգության ապահովման մակարդակը և հսկողության վիճակը։
Ըստ աղբյուրի, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական վերազինումը և արդիականացումը կրելու է շարունակական բնույթ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ