Երևանի հեծանվահրապարակի աշխատակիցները դեմ են մրցույթի անցկացմանը
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության հեծանվային մարզադպրոցի աշխատակիցներն այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց: Հեծանվահրապարակի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ որ համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու օր անց նա կայցելի հեծանվահրապարակ և տեղում կծանոթանա այն իրավիճակին, որ ներկայացրել են իրենք:
Նա ներկայացրեց իրենց հիմնական պահանջը. «Մենք ունենք սեփականություններ. մեր մարզաբազաները մեր սեփականություններն են, այդ թվում հին հեծանվահրապարակը: Մենք մեր սեփականությունը, քանի որ շենքերը հին էին, հեծանիվը թանկ սպորտաձև է, նվիրաբերել էինք Երևանի քաղաքապետարանին՝ պայմանով, որ կկառուցվի նոր հեծանավահրապարակ և հաստատուն ֆինանսական միջոցներ կլինեն: Արդյունքում կառուցվել է նոր հեծանվահրապարակը և Ազատության հրապարակի մոտ գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին:
Մենք զոհաբերել ենք մեր սեփականությունը, գիտակցված գնացել ենք այդ քայլին, որպեսզի ունենանք հաստատուն սահմանաված գումար, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք ու ընկնեք քաշքշուկի մեջ: Ավելի լավ չէ մեր գումարը դրամաշնորհային կարգով տվեք մեզ:
Մենք հարց ենք տալիս պարոն Վիրաբյանին. եթե հեծանվահրապարակում ամեն ինչ նորմալ է, մաքուր մնացել է, հեծանվահրապարակը լավ ձեռքերում է, ի՞նչ նպատակ ունի նորից մրցույթ հայտարարել, որ ուրիշը գա շահի: Մրցույթն ամեն տարի է, կարող է մի տարի մեկը շահի, մի տարի մյուսը, բայց կարող է շահողը կապ չունենա սպորտի հետ, իսկ հեծանվահրապարակը նեղ մասնագիտական կառույց է:
Հիմա, օրինակ, եթե գա մեկը, առաջարկի, 25 միլիոն, ու պռավալ տա, հեծանվահրապարակը փչանա: Մենք ուղղակի միամտացել ենք մի բանում, որ կետ մտցվեր, որ Երևան քաղաքը պարտավոր է միշտ մեզ վճարի ու գնացել ենք մրցութային կարգով»։
Լրագրողների հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասաց որ երկար տարիներ այս գործընթացը կազմակերպվել է մրցութային կարգով. հայտարարվել է մրցույթ հավասար պայմաններով, բայց պայմաններին բավարարել է միայն այս կազմակերպությունը. «Այսպես ասած՝ մրցույթը, որպես մրցույթ, տեղի չի ունեցել, ուղղակի արվել է կազմակերպության համար՝ հաշվի առնելով որոշ կետեր, որոնց բավարարում է միայն այս կազմակերպությունը»:
Նրա խոսքով, կազմակերպությունն իր անցյալով, պատմությունով մեծ ներդրում ունի այն հարցում, որ Երևանն այսօր ունի նման հեծանվահրապարակ, բայց պետք է առաջնորդվել համայնքի շահերով:
«Համայնքը քննարկում է, որպեսզի տվյալ ծառայությունը ձեռք բերի մրցութային կարգով: Տվյալ կազմակերպությունն իրավունք ունի մասնակցել մրցույթին, հաղթելու և ծառայություն մատուցելու: Ունեն առավելություն, քանի որ տվյալ կազմակերպությունը երկար տարիներ իրականացրել է այդ ծառայությունը, որպես այդպիսին ավելի շահեկան դիրքերում է: Բայց կազմակերպության ներկայացուցիչները խնդրում են փոխել կարգը՝ մրցույթից դարձնել դրամաշնորհ:
Մրցութային կարգը նախկինում քննարկվել է իրենց, համայնքի և երրորդ կողմի միջև: Քաղաքապետարանը որևէ կարգ չի փոխում, առաջնորդվում է այն կարգով, ինչ կարգով աշխատել են երկար տարիներ: Բայց այս տարի արդեն իրենց չի բավարարում այդ կարգը, և իրենք կարծում են, որ պիտի արվի փոփոխություն, և կարգը հարմարեցվի այնպես, որ իրենք լինեն բացարձակ կազմակերպիչն ու տնօրինողը: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը ճիշտ չէ, և եթե կազմակերպությունը կարծում է, որ ինքը լավագույնն է իրականացնում այս ծառայությունները, կարող է մասնակել մրցույթին հավասար պայմաններով ու շահել»,- ասաց Տ.Վիրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան