Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Այս մասին հայտնում են կառավարության հանրային կապերի բաժնից։
Պարոն Թալակվաձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ վարչապետի այս այցը ազդակ կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Նա բարձր է գնահատել խորհրդարանականների միջև ձևավորված գործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում: Վրաստանի խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է տեղի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և հավելել, որ այն հանդսիանում է հայ-վրացական միջպետական կապերի խթանման ամուր կամուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է պատգամավորների միջև սերտ գործակցությանը կարևորությունը` ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների սերտ հարաբերություններն իրենց կարևոր ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։
Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը կարող են գտնել փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։
Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել նաև Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իլյա Երկրորդի հետ
- Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը