Մենակ չասեք՝ խեղճ ու կրակ գյուղացին է ձեզ հարցը տվել. Փաշինյան
ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այսօր գյուղացին գտնվում է անտեսված վիճակում:
Նա դիմելով գործադիրի անդամներին՝ հարցրեց, թե ինչո՞ւ են դադարեցվել գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդավորումները, լուրջ խնդիրներ կան նաև ոռոգման համակարգում, և ի՞նչ է մտածում կառավարությունն այս խնդիրները լուծելու ուղղությամբ:
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ հետաքրքրում է, թե ինչու եք դուք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս՝ իմանալով, որ դիզելային վառելիքի մեծ մասը գյուղապետարաններում և այլ շրջանակներում մսխվում գնում էր, նաև մնացած ձեր ասած օգնությունները: Մենք շատ պարզ բան ենք ասում՝ գյուղացուն օգնում ենք աշխատել: Դուք ասում եք՝ գողությունների մեխանիզմն ինչի՞ եք փակել, որոշ գյուղապետերի և որոշ «Ճ» կլասսի պաշտոնյաների թողել անտեր: Լավ ենք արել, որովհետև տասնյակ քրեական գործեր կան դրանցով հարուցված: Դուք հայկական մամուլում չեք կարդացել, թե սալյարկաները ինչ բարձրաստիճան պաշտոնյաների էին բաժին հասնում»:
Վարչապետի խոսքով՝ դիզվառելիքը, որ տալիս էին, բաժանվում էր հողամասերի և հեկտարների, իսկ արդյունքում ստացվում էր, որ մեծ հողամասեր ունեցողներն ավելի շատ վառելիք էին ստանում:
«Ստացվում էր, որ օլիգարխներին էինք ֆինանսավորում: Մենք այսօր գյուղացիների համար տասնյակ ծրագրեր ենք իրականացնում: Մենք զարգացման ծրագրեր ենք ներկայացրել: Ձեր ասած մեխանիզմները փակվել են, որովհետև դրանցից գյուղացին չի օգտվում, դրանցից խոշորներն են օգտվում: Էտ հարցը, ով ձեզ տվել է՝ ճիշտ կլինի անունը տաք գնանք տեսնենք ինչեր է արել, մենակ չասեք՝ խեղճ ու կրակ գյուղացին է ձեզ հարցը տվել»,- հավելեց վարչապետը: