«Խլրտոցներ չլսեմ, չխանգարեք, հանգստացեք, ձայնդ կտրի». Գևորգ Պապոյան
Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ունեցած ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ նախորդ օրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի արած հայտարարությանը.
«Էդմոն Մարուքյանը, խիստ սրտնեղելով, ըստ երևույթի, որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ և ինձ մեղադրեց 18 տարեկանում ՀՀԿ-ին անդամակցելու համար՝ նշելով, թե կոռուպցիայի հետ կապված այդ հարցերն այն ժամանակ ինչո՞ւ չէինք բարձրաձայնում: Հատուկ խիստ սրտնեղված Էդմոն Մարուքյանի և ԼՀԿ-ի համար ասեմ, որ չէի կարող բարձրաձայնել, քանի որ ի տարբերություն իրենց, որևէ կապ չեմ ունցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, ավելին՝ 2011 թվականին իմ հայացքների և օրվա իշխանության հետ կապ չունենալու համար որոշում է կայացվել բուհում ինձ աշխատանքից զրկել, օրենքը կոպտորեն խախտելով զրկեցին ինձ դասաժամերի մեծ մասից»։
Պատգամավորը հայտարարեց, որ ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների, պետական պաշտոն չի զբաղեցրել, քանի որ չի ունեցել այն ժամանակվա իշխանությունների բարձրաստիճան հովանավորներ։
Պապոյանն անդրադարձավ ԼՀԿ-ի այն պատգամավորներին, որոնք նախկինում աշխատել են ոստիկանությունում և նախագահի աշխատակազմում, և հայտնեց, որ Մարուքյանին հաջողվել է հաղթել իշխանության թեկնածուին։
Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչած արձագանքների՝ Պապոյանը հակադարձեց. «Խլրտոցներ չլսեմ, չխանգարեք, հանգստացեք, ձայնդ կտրի»:
Մի քանի րոպե անց պատասխան ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը.
«Ուզում ենք պայքարել բռնության և ատելության կոչերի դեմ։ Եկեք հիշենք, թե որտեղից է այն ծնվել։ Այն ծնվել է անհանդուրժողականության մթնոլորտից, միմյանց հարգել չկարողանալու մթնոլորտից։ Դա ծնվել է քաղաքական բանավեճը միջանձնային հարաբերությունների մակարդակի իջեցնելու պատճառով։ Քիչ առաջ այս նույն ամբիոնն օգտագործվեց ատելության խոսք արտաբերելու համար։ Մարդիկ, ովքեր ժամանակին սեփական դեմքերով կամ ֆեյքերով հայհոյանքներ էին գրում պատգամավորների կամ այլ անձանց հասցեին, հիմա պատգամավոր են դարձել։ Նրանք չեն զղջացել իրենց արարքների համար, չեն երկմտում մարդկանց մեղադրել ինչ-որ բաներում՝ առանց հաշվի առնելու նրանց անցած ուղին՝ մարդկանց անցած մարտական ուղին։ Մարդկանց՝ որոնք միգուցե եղել են պաշտոնյա, բայց՝ ձեր նշած և ձեր սիրած նախագահներից ավելի վաղ։ Մինչև մենք չդադարեցնենք այս ամբիոնը բամբասանքներ տարածելու և հերթական անգամ անհանդուրժողականությունը խտացնելու համար օգտագործել՝ այս օրենքները մեզ չեն փրկելու»։