ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին
«Հեղափոխության պահապաններ» խմբի գործողությունների առնչությամբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ դատախազություն: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգարժա՛ն պարոն Դավթյան,
Սույն թվականի մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր և նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար: Մասնավորապես, վերջիններս քաղաքացուց պահանջել են «պատասխան տալ իրա ասածների համար» և սպառնացել, որ կտեսագրեն։ Տեսանյութում խմբի մասնակիցները նշում են նաև հետևալը՝ «ՀՀ վարչապետը երբևեցե ոչ մի հրահանգ ոչ մեկին չի տվել որ ինչ-որ մեկը վենդետաներ անի, բայց մենք, լինելով ՀՀ քաղաքացի և հարգելով մեր վարչապետին, գտնում ենք, որ նման արտահայտությւոններին պետք է արձագանքենք»։
Վերջում նրանք հավելում են, որ «այս պահը թող բոլորի համար դաս լինի» և պնդում, որ «հանգիստ ամեն ինչ չէր վերջանալու», եթե քաղաքացին չենթարկվեր»,-գրել է Սամսոնյանը: