«Ոչ»-ի կողմ. «Այո» քարոզչության կողմը թույլ է տվել օրենսդրական պահանջի խախտում
«Այո» քարոզչության կողմը թույլ է տվել քարոզչական տպագիր նյութերին վերաբերող օրենսդրական պահանջի խախտում։
Ահազանգում է «Ոչ» քարոզչության կողմն ու մանրամասնում, որ «Այո» քարոզչական կողմը Երևանի տարբեր հատվածներում տեղադրել է մեծաթիվ «Այո»-ն գովազդող քարոզչական գովազդային պաստառներ (սքրոլլերներ), որոնք պարունակում են հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների խախտում։
Այսպես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
«Կից ներկայացնում ենք «Այո»-ն գովազդող պաստառների լուսանկարներ, որոնցում տեսանելի է, որ «Այո» քարոզչական կողմը չի պահպանել օրենքի՝ վերը նշված պահանջը։
Միևնույն ժամանակ, ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք վկայում են, որ «Ոչ» քարոզչական կողմը պահպանել է սույն օրենսդրական պահանջը։
Այս պահանջի պահպանման անհրաժեշտությունը բխում է քարոզարշավի թափանցիկության, հանրության առջև հաշվետվողականության սկզբունքներից։
«Այո» քարոզչական կողմին կոչ ենք անում վերացնել խախտումը և պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի՝ քարոզչությանը վերաբերվող պահանջները, մասնավորապես, հանրության առջև հաշվետվողականությանը վերաբերող հարցերում»,-ասված է հայտարարության մեջ։