Լոռու մարզի դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 1մլրդ դրամի վնաս
Լոռու մարզի դատախազությունը 2019թ. ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, մասնավորապես՝ մարզի դատախազության կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 146 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 230 իրավախախտում, ինչը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը:
Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են 50 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 50 մլն դրամ:
Ուսումնասիրության արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 29 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել՝ պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման, այդ թվում՝ համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախաձեռնելու նպատակով:
Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 155․5 մլն ՀՀ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, այն պայմաններում, երբ 2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառներում հայցեր չեն հարուցվել։
Տարվա ընթացքում դատարաններում քննված հայցերով (ներառյալ նախորդ տարիներից փոխանցված) բավարարվել է ավելի քան 5․139․000 ՀՀ դրամի հայցապահանջ, իսկ մեկ հայցադիմումով ներկայացված հայցը՝ ընդհանուր 1․808․000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով, կարճվել է` հաշվի առնելով, որ պատասխանողն ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված վնասը և հայց հարուցած դատախազը հրաժարվել է քաղաքացիական հայցից։
Բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 5․139․000 ՀՀ դրամ:
Բացի վերոնշյալը, մարզի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 128 քրեական գործ, ինչը 28-ով գերազանցում է 2018թ. ցուցանիշը (100):
Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում մարզի դատախազությունում հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 964մլն ՀՀ դրամ: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2019թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 184մլն ՀՀ դրամի վնաս:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը