Թուրքիայում 2019թ․ ընտրված 65 քուրդ համայնքապետերից այսօր պաշտոնավարում է միայն 18-ը
Թուրքիայում 2019թ․ մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններում 65 համայնքապետարանում հաղթել էին ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) թեկնածուները։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Սակայն, ինչպես տեղեկացնում է «Demokrathaber.org» լրատվակայքը՝ ընտրված ԺԴԿ-ական թեկնածուներից այսօրվա դրությամբ իրենց պաշտոնը պահպանել են միայն 18 ՏԻՄ ղեկավարներ։
Ընդ որում՝ ընտրված համայնքապետների պաշտոնից հեռացման գործընթացը սկսվել է գրեթե անմիջապես ընտրություններից հետո։ Ընտրություններից ընդամենը 10 օր անց՝ ապրիլի 10-ին, Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուների դիմումի հիման վրա 6 ընտրված ԺԴԿ-ական համայնքապետներին մերժվել է ընդհանրապես մանդատի տրամադրումը: Այդ որոշումը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ օրենքի ուժ ունեցող որոշմամբ (KHK) վերջիններս զրկվել են պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Նրանց փոխարեն նշված պաշտոնները ստանձնել են ընտրություններում ԺԴԿ-ական թեկնածուներից հետո երկրորդ տեղը զբաղեցրած ԱԶԿ-ական թեկնածուները։
2019թ․ օգոստոսին հոգաբարձու (պետական կառավարիչ) է նշանակվել Դիարբեքիր, Մարդին, Վան խոշոր քաղաքների ԺԴԿ-ական քաղաքապետերի փոխարեն։ Իսկ 2019թ․ հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին հոգաբարձուներ են նշանակվել 29 համայնքապետարաններում, որոնց ղեկավարները նույնպես ԺԴԿ-ական էին։ Այս պաշտոնաթողություններից հետո Բաթմանի շրջաններից մեկում համայնքապետ ընտրված ԺԴԿ-ական մի գործիչ հրաժարական է տվել՝ պաշտոնից հեռացվելու մտավախությամբ։
2020թ․ մարտի 13-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ պաշտոնից հեռացվել են ևս 8 ԺԴԿ-ական համայնքապետներ՝ այն պատճառաբանությամբ, որ նրանց դեմ հետաքննություն է ընթանում։ Նրանց փոխարեն ևս հոգաբարձուներ են նշանակվել։ Այսպիսով, ընդամենը մեկ տարի առաջ ընտրված 65 ընդդիմադիր գործչից միայն 18-ն է այս պահի դրությամբ պահպանել իրենց պաշտոնը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ