Միջմարզային, ուղևորափոխադրումների հոսքը 80 տոկոսով նվազել է. փոխնախարար
«Կարգավորման իմաստն այն է, որ երբ տաքսու վարորդն է նստած և նրա հետևում մեկ ուղևոր, ապա նրանց միջև հեռավորությունը կազմում է մեկ մետր: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այդ հեռավորությունը համարվում է անվտանգ: Կարծում եմ, որ այս պարագայում վարակվելու հավանականությունը բավականին ցածր է»,-այսօրվա ասուլիսում հայտնեց Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչքանով է նպատակահարմար երկու վարակված ամուսիններին պարտադրել երթևեկել տարբեր տաքսիներով և այդ դեպքում արդյո՞ք հավանականությունը մեծ չէ, որ երկու վարորդ կվարակվի:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ուղևորների միջև մեկ մետր հեռավորության պահպանման համապատասխան ցուցումներ են տրվել նաև երկաթուղուն և մետրոյին, իսկ վերահսկողությունը իրականացնում են նախարարությունը, տեսչական մարմինը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե տրանսպորտի աշխատանքի սահմանափակման պայմաններում, ինչպե՞ս պետք է բժիշկը մարզից հասնի Երևան՝ աշխատանքի:
«Տեսեք, եթե կան կոնկրետ դեպքեր, եթե ռեալ բժշկի մասին է խոսքը, այլ ոչ թե մտացածին՝ թե հնարավոր է նման դեպք, և մեզ կդիմի թե´ բուժհաստատությունը, թե´ բժիշկը, որպեսզի ապահովվի այդ մարդու տեղափոխումը դեպի իր աշխատավայր, ես կարծում եմ՝ այդ հարցի լուծումը մենք կարող ենք գտնել»,- հայտնեց փոխնախարարը:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ մարզերում հասարակական տրանսպորտն ախտահանվում է և մինչև երթը սկսելը վարորդները ջերմաչափվում են: Բարձր ջերմություն արձանագրելու դեպքում վարորդին թույլ չեն տալիս աշխատանքի դուրս գալ և հորդորում են ինքնամեկուսանալ:
«Միջմարզային, ուղևորափոխադրումների հոսքը 80 տոկոսով ընկել էր: Որոշ երթուղիներ սպասարկող ընկերությունների սեփականատերերը զանգում ու ասում էին՝ երբ ասեք մենք կկանգնեցնենք աշխատանքը, որովհետև ուղևորահոսք չկա: Դրա համար եղավ պարետի համապատասխան որոշումը»,- հայտնեց Արմեն Սիմոնյանը և հավելեց. «Տրանսպորտային սահմանափակումները կշարունակվեն այնքան, մինչև արձանագրվի, որ վիրուսի տարածումը նվազել է և կտրվի պարետի համապատասխան ցուցումը»:
:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ