«Դիտարկում եմ որպես անհարգալից վերաբերմունք հանրապետության գլխավոր քաղաքական ինստիտուտի՝ խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նկատմամբ»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ արտահերթ նիստին։
«Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում։
Ես ինքս սա դիտարկում եմ որպես անհարգալից վերաբերմունք հանրապետության գլխավոր քաղաքական ինստիտուտի՝ խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նկատմամբ։
Ի դեպ հայտարարված օրակարգ ևս գոյություն չունի, բայց ավելի քան վստահ եմ, օրակարգում առավոտյան տապալված նախագիծն է՝ քաղաքացիների անձնական տեղաշարժի և հեռախոսազանգերի վերաբերյալ:
Ինչպես ասում են, խորհրդարանը վերածել «պարապ վախտի խաղալիքի» մարտավարությունը դատապարտված է ձախողման։ Այն ուղղակի հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և ինստիտուցիոնալ արժեքներին:
Հ.Գ. Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստակամ ենք ցանկացած քննարկումների, այդ թվում և 24-ժամյա կտրվածքով: Նախորդ արտահերթ նիստերին ևս ընդդիմադիր խմբակցությունները, պատշաճ իրազեկման դեպքում, օպերատիվ ներկայացել են խորհրդարան:
Այս առավոտ ևս ընդդիմությունն իր տեղում էր, այդ իշխող խմբակցության պատգամավորներն էին բացակա: Սակայն իրազեկել ընդդիմադիր խմբակցությունների արտահերթ նիստի մասին արտահերթ նիստին զուգահեռ, ընդունեք, որ խոսում է առնվազն անհարգալից վերաբերմունքի մասին»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ