Հայաստանում կա չծախսված 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ. վարչապետ
Կառավարությունում այսօր տեղի ունեցած կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում առաջին խնդիրը վարակի տարածումը կանխելն է, իսկ երկրորդը՝ պայմաներ ստեղծել, որպեսզի օր առաջ հիմնարկները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները կարողանան աշխատել և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի:
Նկատելով, որ այն բարդ խնդիր է վարչապետը նշեց. «Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար: Սա է պատճառը, որ կառավարութունը արտակարգ դրություն հայտարարեց և նրա ռեժիմի մեջ կատարեց փոփոխություններ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով իրատեսական դարձնելու համար»:
Անցնելով կապիտալ ծախսերին՝ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում միշտ կապիտալ ծախսերի խրոնիկ հիվանդություն է եղել՝ դրանք թերակատարվել են: «Բայց նոր՝ համաճարակի պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ օգտագործումը և դրա հնարավոր շրջանակի և ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև այդ կապիտալ ծախսերի չկատարումը, մենք գնահատում ենք, որ չկատարած կապիտալ ծախսերի ամեն տոկոսը, դա կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում»,- հայտարարեց վարչապետը և շեշտեց, որ հիմնական խնդիրը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է:
Նա նաև նշեց, որ այսօր քննարկում են վարկային ծրագրերի կատարման ընթացքն, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ-ում կան 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են ծախսմանը, ուստի, ըստ նրա, ամեն ինչ պետք է անեն, որ դրանք լինեն արդյունավետ։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ խնդիր են դրել վարկային ծախսերը օպտիմալացնել. «Այն ծախսերը, որոնք իրատեսական չեն, դրանց միջոցներով նոր ծրագրեր ներգրավել և իրականացնել, որը կավելացնի նաև աշխատաշուկայի պոտենցիալը»:
Նշելով, որ արտակարգ իրավիճակի խստացված ռեժիմը լրանում է հաջորդ կիրակի օրը՝ վարչապետը հայտարարեց. «Մենք համոզված ենք, որ սահմանված ժամկետում ինչքան ճշգրտորեն պահենք, ինչքան բարձր պահենք սահմանափակման ռեժիմն, այնքան ավելի արագ մուտք կգործենք պակաս սահմանափակումների ռեժիմ և արագ կվերադառնանք բնականոն վիճակի»։
Գործադիրի ղեկավարը կոչ արեց բնակչությանը կատարել սահմանված սահմանափակումների պահանջները և հայցեց բնակիչների ներողամտությունը՝ խիստ միջոցառումների համար, որոնք կյանքեր փրկելուն են ուղղված:
«Սա ճգնաժամային պահ է, բացառիկ պահ է, և պահանջում է, որ մենք մեր ուժերը կենտրոնացնենք, հանրային միասնականության նոր մի մակարդակի, փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ և մակարդակ ապահովենք: Սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ պետք է օգնի օր, ժամ, րոպե առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- եզրափակեց վարչապետը: