«Մարտի 1-ից ի վեր Հայաստան է վերադարձել 63 հազար քաղաքացի». Զոհրաբ Մնացականյան
«Մարտի 1-ից ի վեր Հայաստան է վերադարձել 63 հազար քաղաքացի»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը հայտնեց, որ համաճարակի նախնական փուլում արդեն նախարարությունը կոչ էր արել, որ Հայաստանի քաղաքացիները ողջամիտ որոշում ընդունեն Հայաստան վերադառնալու հարցում: Շատերն, ըստ նախարարի, նման որոշում ընդունեցին և, դադարեցնելով իրենց գործունեությունը, վերադարձան Հայաստան:
Նրանց վերադարձը, ըստ նախարարի, կազմակերպվել է այն իրավիճակում, երբ բազմաթիվ օդային փոխադրողներ դադարեցրել էին թռիչքները:
Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ հոսքերը կառավարելը դյուրին գործ չի եղել, քանի որ պետք էր ապահովեր ներքին անվտանգությունը և այդ առումով նա կարանտինի սահմանումն արդարացված և ճիշտ որոշում համարեց, քանի որ արդեն եղել էր վիրուսակիր քաղաքացու ժամանման դեպք:
Արտաքին գործերի նախարարը տեղեկացրեց, որ հավասարաչափ են պլանավորել բոլոր երկրներից մեր քաղաքացիների հոսքը՝ համագործակցելով պարետատան, Առողջապահության նախարարության, երկրներում համապատասխան կառույցների և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
Նախարարը ներկայացրեց մարտի 15-ից սկսած մինչև մայիսի 4-ը տարբեր չվերթներով Հայաստան վերադարձածների թիվը: Ըստ նախարարի, մարտի 15-ին 65 հոգի Հռոմից և 167 հոգի Վրաստանից անվճար ժամանել են հանրապետություն: Հաջորդող օրերին Անգոլայից 24 հոգի է տեղափոխվել, Լեհաստանից՝ 4 հոգի: Նախարարի ներկայացրած տվյալներով, մարտի 31-ին 68 հոգի է անվճար տեղափոխվել Հնդկաստանից, ապրիլի 6-ին՝ 234 հոգի Մոսկվայից, որից 80-ը՝ անվճար:
Ըստ Մնացականյանի, քաղաքացիների հիմնական հոսքը եղել է ՌԴ-ից՝ ապրիլի 7-ին և դրան հաջորդող օրերին օդային ճանապարհով այնտեղից տեղափոխվել են մոտ 2000-ից ավել ՀՀ քաղաքացի՝ մի մասն անվճար: Ապահովվել է 73 հոգու անվճար վերադարձը Թուրքիայից:
Հայաստան են տեղափոխվել նաև Արաբական միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Իսրայելում և այլ երկրիներում գտնվող մեր քաղաքացիները: